Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

10:28, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

Այսօր` փետրվարի 7-ին, նշվում է Բուն Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատիկի տոնից 49 օր առաջ, այն շարժական տոն է։ Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի։
     Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
     Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
     Իբրև ժողովրդական տոնախմբության օր իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր՝ կերուխում, այլևայլ խաղեր՝ ձիարշավ, սրախաղ ևն, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով (ըստ հեթանոսական հավատալիքի, դիմակ հագած մարդը լցվում է տվյալ՝ սրբազան համարվող կենդանուն հատուկ գերբնական զորությամբ): Հայկական տարբեր գավառներում ծիսակարգային որոշ փոփոխակներով նշվել է Բուն Բարեկենդանը՝ որպես ժողովրդական թատերականացված հանդիսություն, կերուխումի և ծիծաղի օր:
     Ներկայումս Բուն Բարեկենդանի ժողովրդական տոնախմբությունը կրում է առավել զուսպ բնույթ:

5318 | 0
Facebook