Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քննություն իրականացնող մարմինը կա´մ պետք է երկարացնի Շիրխանյանի կալանքի ժամկետը, կա´մ փոխի խափանման միջոցը». փաստաբան

13:40, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
«Քննություն իրականացնող մարմինը կա´մ պետք է երկարացնի Շիրխանյանի կալանքի ժամկետը, կա´մ փոխի խափանման միջոցը». փաստաբան

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախմբի հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը MAMUL.am -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում մասնակցել են քննչական գործողություններին, ինչպես նաև ներկայացրել են երկու միջնորդություն՝ Շիրխանյանի բուժզննությունը մասնագիտացված բուժհաստատությունում իրականացնելու և նրա խափանման միջոցը փոխելու համար: «Առաջին միջնորդությունն ուղղվել է արդեն Արդարադատության նախարարություն, որն էլ կորոշի Շիրխանյանի բուժզննության հարցը: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, երկու օրվա ընթացքում ԱԱԾ-ն կպատասխանի միջնորդությանը (առավել ևս, որ փետրվարի 19-ին լրանում է Վահան Շիրխանյանին մեղադրանք ներկայացնելու երկու ամիսը, և քննություն իրականացնող մարմինը կա´մ պետք է երկարացնի կալանքի ժամկետը, կա´մ փոխի խափանման միջոցը)»,- ասաց պաշտպանը:

Վերջին օրերին ահազանգում էին Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին և պնդում, որ նրան օր առաջ պետք է տեղափոխել ստացիոնար բուժհաստատություն։ Սրա հետ կապված էլ` պաշտպանն ասաց, որ, ըստ գործող կարգի, ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի Վահան Շիրխանյանի բուժումը ստացիոնար բուժհաստատությունում կազմակերպելու համար։ «Պրոցեդուրան իրենք պետք է իրականացնեն, ընթացք տան, քանի որ ՔԿՀ-ները Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, անցյալ տարի, նոյեմբերի 25-ին և ավելի ուշ կալանավորված անձինք, այդ թվում նաև Վահան Շիրխանյանը, կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

3798 | 0
Facebook