Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վնասազերծված խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով». Միքայել Համբարձումյան

14:38, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Վնասազերծված խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով». Միքայել Համբարձումյան

Օրերս Նորք Մարաշի առանձնատներից մեկում հանցագործների հայտնաբերման և ԱԱԾ-ի կողմից վնասազերծման գործով ձերբակալվածների թիվը հասել է 21-ի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` հավելելով, որ հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, իսկ թե ովքեր են նրանց գումար փոխանցել, այս պահին հայտնի չէ: «Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ-ի աշխատակիցների տեսադաշտում, նրանց գործունեությունը վերահսկվել է և արդեն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խումբը վնասազերծվել է»,- ասաց նա` հավելելով, որ չի կարող այս պահին մանրամասնել, թե ում դեմ ինչ հանցագործություն է նախապատրաստվել:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ԱԱԾ-ն թույլ տվեց, որ լրագրողները վնասազերծման գործողությունից ժամեր անց մտնեն այդ բնակարան, շփվեն, տեսանկարեն, ձեռք տան իրերին, ինչու չկապարակնքվեց բնակարանը, այնինչ` Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածից հետո մինչ օրս ոչ ոք չի կարողանում ներս մտնել, Համբարձումյանը պատասխանեց. «Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը: Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել, դա փաստ է: Եթե որևէ լրագրող կասի, որ այնտեղ գտնվել է, ես կասեմ, որ դա ընդամենը հերյուրանք է: Լրագրողները մուտք են գործել արդեն խուզարկության ավարտից հետո` բնակարանի սեփականատիրոջ, նրա քրոջ և դստեր թույլտվությամբ, այլապես ներս չէին մտնի: Բնակարանը չի կնքվել: Նման կարգ գոյություն չունի: Կնքվում են այն բնակարանները, որտեղ դեռևս նախաքննական մարմինը գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ապագայում: Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մեր կատարած գործողությունների արդյունքում ձեռք ենք բերել մեզ հետաքրքրող բոլոր իրերն ու առարկաները, որը մենք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ»,- ասաց ԱԱԾ ներկայացուցիչը` զարմանք հայտնելով, որ նախադեպը չունեցող գործողությունը լրատվամիջոցների կողմից զավեշտի է վերածվել:

6207 | 7
Facebook