Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տագնապ և խուճապ. ի՞նչ զենք ընտրեցին իշխանություններն այս անգամ. «Ժամանակ»

10:08, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Տագնապ և խուճապ. ի՞նչ զենք ընտրեցին իշխանություններն այս անգամ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում առավոտյան տարածված տեղեկատվությունը՝ արտասահմանցիներից կազմված ահաբեկչական խմբավորման բացահայտման և Երևանում նախատեսվող տեռորիստական ակտերի կանխարգելման մասին, հասարակության համար շոկային փուլից ըստ էության անցնում է Հայաստանի համար երևի թե ավանդական փուլի, երբ նմանօրինակ արտառոց զարգացումներով փորձ է արվում ներգործել ընդհանուր հասարակական-քաղաքական իրավիճակի վրա:

Այս մտքին առաջին հերթին բերում է այն, որ տեղի ունեցող աղմկոտ բացահայտումը արձանագրվում է սահմանադրական հանրաքվեից մի քանի օր առաջ, երբ ներքին զարգացումները Հայաստանում մոտենում են որոշակի կիզակետի: Մի կողմից՝ սահմանադրական «այո»-ի ու «ոչ»-ի պայքարը «ռեալիթի շոուի» ձևաչափով, մյուս կողմից՝ «ոչ»-ի շարժումը, և մեկ այլ կողմից էլ՝ անհնազանդության շարժումը, որի մեկնարկը հայտարարվել է դեկտեմբերի 1-ին:

Այս ամենը հայկական ներքաղաքական կյանքի գրեթե անխուսափելի թվացող եռք են նախանշում, և այս իրավիճակում տեղի ունեցած աղմկոտ բացահայտումը ըստ էության կարող է դառնալ, այսպես ասած, «եռքի արհեստական արագացման» դրսևորում, կամ, ինչպես ժամանակակից առողջապահությունը դեղահաբերի օգնությամբ արագացնում է երկունքը: Մյուս կողմից, արագացնելով հանդերձ, այս իրադարձությունը ըստ էության կարող է և արգելակող դեր ունենալ, կամ շեղող, ինչպես ընդունված է ասել:

Այս առումով, պետք է, օրինակ, արձանագրել, որ հասարակության շրջանում, նաև հասարակական-քաղաքական ուժերի շրջանում բավական բացահայտ էին սպասումները, որ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ շեղող հանգամանքի դեր կարող էր կատարել Ղարաբաղյան խնդիրը: Համենայն դեպս, ներքաղաքական սուր սպասումների, սուր զարգացումների պարագայում իշխանությունները Հայաստանում հաճախ են Ղարաբաղյան խնդրով զարգացումները հակադրել ներքաղաքական իրողություններին, սահմանյին սրացումներով փորձել ազդել հասարակության ներքին վարքագծի վրա:

Ավելին՝ այս տեսանկյունից, երբ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի սկզբին պատրաստվում է ծավալուն հեռուստահարցազրույցի, միաժամանակ հայտարարվել էր դեկտեմբերի սկզբին նրա և Ալիևի հնարավոր հանդիպման մասին, հանրային տարբեր շրջանակներում էլ ավելի խորացավ ենթադրությունը, որ չի բացառվում հենց դեկտեմբերի 6-ի քվեարկությունից առաջ ղարաբաղյան խաղաքարտի հերթական ներքին խաղարկման հնարավորությունը, քանի որ, ըստ էության, էլ ի՞նչ ասելիք կարող են ունենալ իշխանությունները, որոնք ներքին կյանքում ձախողվել են բոլոր առումներով և կորցրել հասարակությանը որևէ հավաստի և համոզիչ դրական մեսիջ հղելու կարողությունները, հրաժարականների մասին հայտարարություններից զատ:

Սակայն, ինչպես երևում է, այս անգամ ղարաբաղյան խաղաքարտի փոխարեն խաղարկվում է այլ խաղաքարտ, որը, ըստ էության, մեծ հաշվով կրկին ինչ-որ իմաստով արտաքին տրենդի մեջ է. ահաբեկչության դեմ պայքարն այսօր համաշխարհային օրակարգ է, և թեև պարզվում է, որ այս դեպքում իհարկե գործ ունենք ոչ թե «իսլամիստների», այլ նախկին հայաստանցիների կամ սփյուռքահայերի հետ, բայց այնուամենայնիվ նրանց վերագրվում են տեռորիստական մտադրություններ:

Սա էլ երևի թե այդ բացահայտման, այսպես ասած, «արտաքին լեգիտիմություն» ապահովելու համար»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

6153 | 2
Facebook