Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չե՛ք անցկացնի»-ն 3 հայցով դիմելու է դատարան` ընդդեմ ոստիկանության բռնարարքների

16:38, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Չե՛ք անցկացնի»-ն 3 հայցով դիմելու է դատարան` ընդդեմ ոստիկանության բռնարարքների

«Առաջիկա հանրահավաքին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ամեն ինչ անելու ենք, որ լինի մարդաշատ, շատ ավելի ազդեցիկ, և վստահ ենք, որ այդպես էլ լինելու է: Հանրաքվեին նախորդող հանրահավաքները, գործընթացները լինելու են չափազանց ազդեցիկ և ուժեղացված, որպեսզի կարողանանք տապալել սահմանադրական փոփոխությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով իրենց հետագա անելիքների մասին, ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն իր կառավարման վերջին տարիներին, չգիտես ինչու, որոշեց մի լավ բան անել և եթե ինքն իսկապես ուզում էր մի «լավ բան» անել, ապա բազմաթիվ տարբերակներ կային դրա համար, ոչ թե սահմանադրական փոփոխությունները: «Մարդիկ արդեն գիտեն, եթե դա անում է Սերժ Սարգսյանը, ուրեմն ակնհայտ է, որ սա ոչ թե լավ, այլ շատ վատ բան է լինելու: Թե իրականում ինչ է դա իրենից ներկայացնում, մենք իրազեկելու ենք հանրությանը, որպեսզի տեղեկացված լինեն: Մենք մարդկանց մեր աշխատանքով բացատրելու ենք, փորձելու ենք համոզել, որ միասնական պայքարով կարող ենք հասնել դրական փոփոխությունների` հաստատելով սահմանադրական կարգը: Եվ համոզված ենք, որ մեր աշխատանքը նրանց վստահություն կներշնչի, ինչի շնորհիվ նրանք դուրս կգան պայքարի, և մենք միասնաբար կհասնենք հաջողության»:

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն էլ հավելեց, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից կատարված անօրինական գործողությունների համար, երեք հայցով դիմելու են դատարան. «Առաջինը, որ ոստիկանությունն ապօրինի միջամտել է մեր գործողություններին, պետք է պատասխանատվություն ենթարկվի դրա համար: Երկրորդը, որ ապօրինի 21 քաղաքացու տարել է ոստիկանության բաժիններ: Եվ երրորդ՝ ոստիկանությունը խախտել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի անձեռնմխելիության և ազատ գործունեության իրավունքը, ըստ էության, երբ Արամ Մանուկյանին բերման են ենթարկել մեքենայի մեջ, համարվում է, որ բերման ենթարկելու փաստը գոյություն ունի և դրա համար նույնպես դիմելու ենք դատարան»:

2622 | 1
Facebook