Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ

15:16, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ: Հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը:
     Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր «հեպատիտ c» հիվանդություն:
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի քննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների վարակվելու պատճառները պարզելու համար:
     Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար:
     Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ. Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե. Ավագյանը:
     Նախաքննությունը շարունակվում է:
     Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

3277 | 0
Facebook