Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ ցանկություն կարող է ունենալ զինվորը` խաղաղություն». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի 76-ամյա հոբելյանն է

16:50, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
«Ի՞նչ ցանկություն կարող է ունենալ զինվորը` խաղաղություն». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի 76-ամյա հոբելյանն է

Այսօր` մայիսի 22-ին Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում հոբելյարն ասաց, որ 76-ամյակը նշում է իր մարտական ընկերների շրջապատում: «Ի՞նչ ցանկություն կարող է ունենալ զինվորը. ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ պատերազմ չլինի, որ զինվորները միշտ հպարտ լինեն»,- ասաց Կոմանդոսը, ում խոսքով` ներկա սերնդի մեջ չկա պարտվելու վախը, նրանք հաղթանակած ազգի զավակներ են:

Արկադի Տեր-Թադևոսյանը զինվորական ուսումնարանն անցել է Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիայում։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Բելառուսում, իսկ 1987-ից եկել Հայաստան։ Մասնագիտության ընտրությանը նպաստել է Խորհրդային բանակի գնդապետ հորեղբայրը:

1988-ից Արկադի Տեր-Թադևոսյանը միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Նրա ռազմավարությամբ ու հրամանատարությամբ է ազատագրվել Շուշին: Նրան Կոմանդոս են անվանել պատերազմի ժամանակ, երբ սակավաթիվ զորքով թշնամու մեջ տպավորություն է ստեղծել, թե լայնամասշտաբ հարձակում են սկսում, և կարողացել է զինվորների կյանքը խնայելով դիրքեր գրավել:

1990-ին Արկադի Տեր-Թադևոսյանը դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ Պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանն իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

6307 | 2
Facebook