Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ ծրագիր չունենք, պարզապես ընկերական այց է». ՈՒԵՖԱ-ի նախագահ

21:05, հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
«Որևէ ծրագիր չունենք, պարզապես ընկերական այց է». ՈՒԵՖԱ-ի նախագահ
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկօրյա ոչ պաշտոնական այցով Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։ Էջմիածին այցելելուց հետո Միշել Պլատինին այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, շրջել ակադեմիայի տարածքով, հետևել Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, ծանոթացել նորակառույց մարզադաշտին: Պլատինին հանդիպել է նաև լրագրողների հետ։ Ներկաները շնորհավորել են նրան՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Բուլղարիայում կայանալիք մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպմանը գնալու ճանապարհին որոշեցի այստեղ գալ։ Քանի որ վաղուց չէի տեսել ընկերոջս՝ Ռուբենին, որոշեցի գալ Հայաստան։ Որևէ ծրագիր չունենք, պարզապես ընկերական այց է»,- ողջույնի իր խոսքում ասել է Միշել Պլատինին։
     Խոսելով Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը նոր ձևաչափով անցկացնելու առանձնահատկությունների մասին՝ Պլատինին նշել է․ «Մրցաշարն ավելի է ընդլայնվում՝ 24 թիմ է մասնակցելու։ Քանի որ թիմերի քանակը հասել է 24-ի, տեսնում ենք, որ մրցակցությունն ավելի է շատացել: Նախկինում 16 թիմ էր մասնակցում և շատերը զգում էին, որ, միգուցե, չեն կարող որակավորվել, իսկ հիմա 24 թիմով հնարավորություններն ավելի շատ են: Դրանից եզրակացնում ենք, որ պետք է նաև մարզիչները վստահություն ունենան, այլապես կարող են իրենց աշխատանքը կորցնել»:
     «Յուվենթուսը» 12 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ: Հարցին, թե ի՞նչ զգացումներ կունենա, եթե գավաթը հանձնի այն թիմին, որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, Պլատինին պատասխանել է․ «Բարդ հարց է: Հուսով եմ` մրցավարը չի սխալվի, որպեսզի հետո չասեն, որ դա իմ մեղքով էր, բայց, ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ իտալական թիմը կրկին եզրափակիչ է դուրս եկել և հուսով եմ, որ լավ խաղ կլինի, քանի որ որպես նախագահ ես չեզոք եմ»,- Պլատինիի խոսաքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:
4062 | 0
Facebook