Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքում են «Ծարավ աղբյուր»-ի բնակիչները. «Խոստացել էին պուրակ և խաղահրապարակ, բայց կառուցվում է մեծ շինհրապարակ»

17:06, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
Բողոքում են «Ծարավ աղբյուր»-ի բնակիչները. «Խոստացել էին պուրակ և խաղահրապարակ, բայց կառուցվում է մեծ շինհրապարակ»

Սույն թվականի ապրիլի 14-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեցին Երևանի Ծարավ աղբյուրի փողոցին առնչվող որոշումներ, որոնց արդյունքում Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագրով կառուցված շենքերի բնակիչներին խոստացված պուրակի փոխարեն կառուցվելու է ուսումնամարզական համալիր և բազմաբնակարան բնակելի նոր շենք։ Այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականին հայտնեցին «Ծարավ աղբյուր» փողոցի մի խումբ բնակիչներ` տեղեկացնելով, որ նշված շենքերի 200-ից ավելի բնակիչներ իրականացրել են ստորագրահավաք, որով դիմել են ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությանը` վերանայելու 55/6 շենքի հարևանությամբ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման որոշումը։

«Ի սկզբանե զբոսայգի և խաղահրապարակ կառուցելու նախագիծ է եղել: Մոտավորապես անցած տարվա սեպտեմբերին պետք է պուրակը պատրաստ լիներ, բայց արդեն հունիս ամիսն է գալիս` պուրակը դեռ չկա և հանկարծ պարզվում է, որ, ինչպես միշտ, մեր իշխանությունները որոշել են իրենց որդեգրած մոտեցումներով աշխատել` «տակից» և գաղտնի: Արտահերթ նիստում երեք հարց է դրվել, որից երկուսը վերաբերվել է «Ծարավ աղբյուրի» հենց այդ հատվածին: Արդյունքում օտարվել են այդ տարածքները` ջրի գնով, քառ. մետրը` 20 դոլարով: Նման գինն ուղղակի աբսուրդ է: Պարզվում է` առանց հանրային քննարկման կառուցվելու է ևս մեկ բազմաբնակարան շենք: Եթե ուսումնամարզական կենտրոն է լինելու և ինչ-որ ձև հանրությանն է ծառայելու, միևնույն է, ամեն դեպքում, մեր սպասելիքները չեն արդարանում: Այս խիտ բնակեցված հատվածում բերել, մի հարյուր հոգանոց շենք կառուցել ու մյուս շենքերին շատ մոտ, որը խանգարելու է բնական լույսի ներթափանցումը բնակարաններ, որը նաև էկոլոգիական խնդիր կառաջացնի, (մեքենաների հոսք, որտեղ կանգնելու տեղ չկա և այլն), կարծում եմ` մեծ սխալ է: Այնպիսի վիճակ է, որ ինձ թվում է` մենք շուտուվ պետք է վերգետնյա ավտոկայանատեղիների մասին մտածենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանեն` ընդգծելով, որ թեև բնակիչներին խոստացել էին երեխաների համար պուրակ և խաղահրապարակ կառուցել, բայց, փաստորեն, կառուցվում է մեծ շինհրապարակ` գալիք երկու-երեք տարիների համար:

Պուրակի և խաղահրապարակի համար նախատեսված տարածքի գերակշռող մասը, ինչպես հայտնում են բնակիչները, քաղաքապետարանը վաճառել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը, մյուս մասն էլ` «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին: «Անկեղծ ասած` մեր երկրում որոշումներ կայացնելու տրամաբանությունն այլևս ինձ հասկանալի չէ: Ո՞վ է իրավասու` վերցնել, տալ, որոշում կայացնել և այլն»,-շարունակում է նշված հասցեի բնակիչ Գայանե Վարդանյանը:

«Քաղաքապետի՝ «Ծարավ աղբյուր» փողոցի բնակիչներին տրված խոստումը՝ պուրակ և զբոսայգի կառուցելու մասին, ուժի մեջ է և կկատարվի»,- մեր թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Նախագիծը և խոստումներն ուժի մեջ են, պարզապես ժամկետներն են տեղափոխված` իրականացվող ներդրումային ծրագրով: Արդեն որերորդ անգամ այդ մասով պարզաբանում տվել ենք: Ասեմ ավելին` քաղաքապետն անձամբ է տվել այդ պարզաբանումը և նախատեսվող հանգստյան գոտին պարտադիր լինելու է: Դա միանշանակ է, համոզված եղեք: Քանի ամիս է` մարդիկ փորձում են ներկայացնել, որ չի իրականացվելու այդ խոստումը… Եթե նախապես սկսեին այգու կառուցման աշխատանքները, ապա շինտեխնիկան և անցուդարձը հաստատապես վնասելու էր այգին, և որպեսզի հետո լրացուցիչ աշխատանք չարվեր, որոշվեց ներդրումային ծրագրի ավարտից հետո իրականացնել դա»,- տեղեկացրեց Ա. Գևորգյանը:

Մեր թղթակիցը խնդրի առնչությամբ զրուցեց նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանի հետ: Վերջինը նույնպես վստահեցրեց, որ խաղահրապարակը կառուցվելու է. «Չեմ հասկանում` ինչ են խառնվել իրար… Հետաքրքիր մարդիկ են: 440-450 դոլարով տուն են ձեռք բերել, դեռ մի բան էլ բողոքավոր են: Բա ինչի՞ մեկն ինձ չի հարցնում` որ բերել, պատուհանիդ տակ 14 հարկանի շենք ես կառուցում, քեզ չի խանգարո՞ւմ: Կինս ասում է` էս ի՞նչ ես անում: Բայց ի՞նչ անեմ, թե՞ չէի ուզենա` դիմացս բաց լիներ, հաճելի տեսարան լիներ… Ըհը, հիմա ոնց չասեմ` չէի ուզի՞ շորտիկով դուրս գալ պատշգամբ, մարդ ենք չէ՞ բոլորի նման… չորս կողմից նայում են, բայց ո՞ւմ բողոքեմ: Ասում են` «Գազպրոմին» ենք տվել: Վա՞տ ենք արել, որ տվել ենք… Ես ապշում եմ մարդկանց մտածողության վրա: Բողոքում են, որ միգուցե իրենցից արաժանավոր մարդիկ (բժիշկներ և մանկավարժներ) պետք է գան, ապրեն այդ շենքում, ինչո՞ւ չեն կամենում, ինչո՞ւ են այդքան չար: Բա ի՞նչ անեն էդ հարյուր հոգին, ո՞ւր գնան: Այս երկիրը ժողովուրդը պետք է կառուցի, բայց էսպիսի մտածողությա՞մբ…Էն, որ ասում է` «Իմ դարդն ինձ քիչ էր, հարևանս էլ 24 է առել»…Չի́ կարելի»,- անկեղծորեն արտահայտվեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը, ում համար զարմանալի է նաև, թե «էս ժողովուրդն ինչի է էսքան չարացել»:

18056 | 1
Facebook