Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ ճակատագիր կունենա կրկեսի շենքը. մանրամասնում է Սոս Պետրոսյանը

14:01, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Ի՞նչ ճակատագիր կունենա կրկեսի շենքը. մանրամասնում է Սոս Պետրոսյանը

Արդեն մի քանի տարի է, ինչ սկսվել են Երևանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, բայց թե` ինչո՞վ և ե՞րբ կավարտվի այս ամենը` շարունակում է մտահոգել հասարակությանը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն անձամբ ներկա է եղել շինարարական աշխատանքների ընթացքին և զրուցել կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ում խոսքով` սկզբում որոշված էր, որ կրկեսի շենքը պետք է պարզապես ամրացվեր: «Շուրջ մեկ տարի ահագին գումար ծախսվեց, մենք կարողացանք բացատրել ու ապացուցել, որ մեզ հարկավոր է նոր կրկես: Եթե կրկեսն ամրացնեինք ու բացվեր, դա առանձնապես ճիշտ չէր լինի, որովհետև նախկինում մենք չէինք կարողանում կենդանիների մեծ ատրակցիոններ հրավիրել. կրկեսը` ջրի մեջ, կրկեսը` օդային տեսարաններում և այլն: Մեր ժողովուրդը զուրկ էր նման տեսարաններից, իսկ հիմա կլինի մանեժների փոփոխություն»,- նշեց գեղարվեստական ղեկավարը: Նրա խոսքով` որոշում ընդունվեց, որ հիմնովին փոխվի կրկեսի շենքն, ինչի հետևանքով էլ շենքի կառուցման գործընթացն ուշանում է:

Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյան
Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյան

«Առաջ օրինակ` առյուծներին աշխատացնելու համար խեղճ ժողովուրդը 45 րոպե սպասում էր, որ ճաղավանդակները փոխենք»,- ընդգծեց Սոս Պետրոսյանն ու հավելեց, որ շենքի կառուցման համար լայնամասշտաբ գումարային հարցը լուծվել է և արդեն 3-րդ հարկն է կառուցվում: «Գիտեմ, որ ուշանում է, և բոլորն անհամբեր սպասում են, խնդրում եմ` մի քիչ էլ սպասեք»,- ասաց Սոս Պետրոսյանն ու դժվարացավ նշել, թե կոնկրետ երբ շենքը պատրաստ կլինի: «Հուսանք, որ մինչև մյուս տարվա վերջ բացումը կլինի»,- ասաց Սոս Պետրոսյանը, ում խոսքով` ուղիղ մեկ տարի կրկեսի շենքում ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել: «Դա է պատճառը, որ աշխատանքներն անընդհատ ձգձգվում են»:

Սոս Պետրոսյանի բնորոշմամբ` շատերին թվում է` կրկեսը փակվել է ու այլևս կրկես չկա: «Մեր բոլոր դերասաններն արտերկրում հյուրախաղերի են: Կրկեսը կոնտրաստային սիստեմ է, այն երբեք չի դադարել գործել»,- նշեց Սոս Պետրոսյանն ու հորդորեց ևս մի քիչ սպասել:

6497 | 0
Facebook