Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք այստեղ ենք ու դեռ կենդանի ենք». Սերժ Թանկյանի հարցազրույցը «Time»-ին

15:45, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
«Մենք այստեղ ենք ու դեռ կենդանի ենք». Սերժ Թանկյանի հարցազրույցը «Time»-ին
     «System Of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երևանյան բացառիկ համերգից հետո, հարցազրույց է տվել ամերիկյան «Time» գործակալությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
     «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանում համերգով ներկայանալն, իրոք, ոգևորող էր ու շատ հուզառատ: Համերգից առաջ բոլորս լարված էինք, քանի որ սա «System Of A Down»-ի առաջին համերգն էր հայրենիքում: «Արթնացե՛ք, հոգիներ» համերգային շրջագայությամբ մենք ընդամենը մեկ նպատակ ունենք՝ բոլորի ուշադրությունը սևեռել ցեղասպանության ճանաչմանն ու արդարության վերականգնմանը: Սա մեծ միջոցառում էր, թերևս մեր ամենատպավորիչ շոուներից մեկը:
     Իմ բոլոր տատերն ու պապերը Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ են: Մայրական պապս հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը: Նա մի ակնթարթում կորցրել է իր տեսողությունը, երբ իր աչքի առջև սպանել են հորն ու եղբորը: Իմ մայրական տատին փրկել է մի թուրք քաղաքապետ, որի անունը ես չգիտեմ: Հայրական կողմից տատս ու պապս փրկվել են, քանի որ աշխատելիս են եղել Բաղդադը և Թուրքիան իրար կապող գերմանական երկաթուղու շինարարության վրա:

Ի հշատակ հայ, հույն և ասորի զոհերի՝ մեր կողմից մատուցված հարգանքի տուրքը խոսուն վկայություն է, որ սա մոռացված խնդիր չէ: Ահա թե ինչ պետք է գիտակցի մարդկությունը՝ սա պատմական խնդիր չէ, սա դեռևս արդիական է. մենք ցեղասպանությունը կիրառում ենք իբրև քաղաքական կապիտալ ու ուշադրություն չենք դարձնում մարդկային կորուստներին, և սա չարիք է, որ մենք պատճառում ենք միմյանց: Մինչև օրս էլ չեն գործում քաղաքական ազդեցիկ մեխանիզմներ, որոնք կարող են կանխել ցեղասպանություններն ու զանգվածային կոտորածները:

Ադոլֆ Հիտլերն ասում էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Սա հստակ օրինակ էր ցանկացած բռնակալի համար, ով ցանկանում էր բնաջնջել ազգի, սա ապացույցն էր այն բանի, թե ինչ է նշանակում հանցագործներին անպատիժ թողնելը:

Այժմ մենք տեսնում ենք թուրքական մի իշխանություն, որ իր ազդեցությամբ ու միլիոնավոր գումարների շնորհիվ փորձում է ժխտել իր անցյալը: Միացյալ Նահանգները, տուրք տալով այդ ազդեցությանը, չի կիրառում ցեղասպանություն բառը: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Օբաման խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այժմ նրա կողմից երեսպաշտություն է Ցեղասպանությունը չճանաչելը: Սա անարգանք է զոհերի հիշատակին ու ԱՄՆ պատմությանը: (1915թ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշագրերում նշել էր, որ սա ցեղասպանություն է հայերի հանդեպ):

Հինգշաբթի երեկոյան, մինչ բեմ բարձրանալը, ես հիշում էի իմ տատերին ու պապերին, ինչպե՞ս նրանք կընդունեին իմ այս համերգն իրենց հայրենի հողի վրա: Համերգից առաջ Դարոնը (Դարոն Մալաքյան՝ խմբի կիթառահար) գոչեց. «Սա ռոքնռոլ համերգ չէ. սա մեր վրեժն է մեր զոհերի համար»: Կարծում եմ՝ ճիշտ էր ասված: Մենք այստեղ ենք ու դեռ կենդանի ենք»:

6401 | 0
Facebook