Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հ. Նաղդալյան. «Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին` ջանքեր գործադրել հակամարտության շուրջ նոր բռնկումից խուսափելու համար»

17:43, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Հ. Նաղդալյան. «Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին` ջանքեր գործադրել հակամարտության շուրջ նոր բռնկումից խուսափելու համար»

Ապրիլի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության և Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է առաջացնել Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստվող զեկույցը:
     «Մեկ շաբաթ առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այցելեց Հայաստան: Այցի օրակարգը հագեցած էր և օգտակար՝ մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող շատ վճռական հարցերի առումով: ԵԽԽՎ նախագահը, խոսելով Ցեղասպանության մասին, հատկապես ընդգծեց անցյալի հետ առերեսվելու և առաջ շարժվելու կարևորությունը:
     Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար, և որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները և մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել և արտաքսվել իրենց հայրենի հողերից, ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը:
     Այժմ օրակարգի շուրջ:
     Կցանկանայի ձեզ հետ կիսել հայկական պատվիրակության մի շարք մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթի շուրջ, որը պետք է պատրաստվի Վեհաժողովի կողմից:
     Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը՝ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:
     Մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ ամառվանից մինչ օրս սահմանային միջադեպերի և զոհերի թիվը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, աճել է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը՝ սրելու իրավիճակը հակամարտության գոտում: Եվ ցավալի է, որ անհեռանկար փաստաթղթերի գոյությունը խրախուսում է ադրբեջանական կողմին՝ նախաձեռնելու նոր և ավելի լայնածավալ սադրանքներ ու դիվերսիոն գործողություններ: Հունվարին Կրակովում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շուրջ հայտարարությամբ, որով նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ստանձնած պարտավորություններին:
     Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում»,- ասել է նա:

2763 | 0
Facebook