Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բեմադրության միջոցով հետաքննելու ենք եղեռնագործության պրոցեսը». Արմեն Էլբակյանը բեմ կբարձրացնի խիստ կարևոր խնդիր

16:35, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
«Բեմադրության միջոցով հետաքննելու ենք եղեռնագործության պրոցեսը». Արմեն Էլբակյանը բեմ կբարձրացնի խիստ կարևոր խնդիր

Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Էլբակյանը կարծում է, որ Եղեռնի վերաբերյալ բոլոր տեսակի ստեղծագործությունները չպիտի նպատակ ունենան լացացնելու, վախեցնելու կամ խղճահարություն առաջացնելու: «Խիստ կարևոր է, որ նրանք մտածելու և խորհելու առիթ տան հանդիսատեսին, հասկանալու, թե ինչպե՞ս պետք է ապրենք, այսուհետ, մանավանդ` 100 տարի անց,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսորը:

Նրա փոխանցմամբ` Էդգար Էլբակյանի անվան թատրոնը Խամաճիկների թատրոնի հետ համատեղ պատրաստում է Ցեղասպանության թեմայով մի նոր ներկայացում:

«Դա մի վարկած է այն ամենի մասին, ինչ մենք բոլորս գիտենք, բայց կլինի մի ներկայացում` «Հետաքննություն», որով, կարծես մենք այսօր հետադարձ հայացք ենք նետելու, և հետաքննելու ենք այդ ամբողջ եղեռնագործության պրոցեսը, հայերի ընդվզումը, հայերի հաղթող մարդու դիրք ունենալու կարողությունն ու դրա կրողը լինելու խնդիրը»,-ասաց Արմեն Էլբակյանը: Նրա խոսքով` թատրոնում արդեն աշխատանքները սկսվել են: «Եթե ամեն ինչ լինի այնպես ինչպես ծրագրել ենք, հնարավոր է հունիս կամ մայիս ամսին հանձնենք հանդիսատեսի դատին: Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե որ օրերին բեմադրությունը կհանձնենք և կխաղանք: Ինձ համար խիստ կարևոր է ունենալ խաղացանկում այդպիսի ներկայացում, մի գործ, որի միջոցով մենք կմտնենք հանդիսատեսի հետ երկխոսության մեջ»,- խոստովանեց ռեժիսորն, ում համար սա խիստ կարևոր խնդիր է, որը պետք է անապայման բարձրացվի բեմ` անկախ նրանից ապրիլի 24-ի համար է, թե` ոչ: «Ի վերջո, մենք պետք է հասկանանք, թե ովքե՞ր են եղել մեր հերոսները` Սասունցի Դավթից, Մեծ Մհերից ու Փոքր Մհերից սկսած, և ինչպիսին պիտի լինի մեր միջի հերոսը, որ կարողանանք փոխանցել մեզնից հետո եկողներին»,- ամփոփեց Արմեն Էլբակյանը:

3605 | 1
Facebook