Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահը մասնակցել է Շախմատի աշխարհի թիմային 10-րդ առաջնության բացման արարողությանը

21:38, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Նախագահը մասնակցել է Շախմատի աշխարհի թիմային 10-րդ առաջնության բացման արարողությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:
     Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ:
     Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում:
     Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի` պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երևանում, այլ նաև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ 2015թ. և՛ Հայաստանի, և՛ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ:

3588 | 1
Facebook