Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինքս ինձ հետ առանձնացած` ես ամենից քիչ եմ միայնակ». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է

14:28, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Ինքս ինձ հետ առանձնացած` ես ամենից քիչ եմ միայնակ». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է

Հաճախ է պատահել, երբ արվեստագետները փառք են ձեռք բերել միայն մահից հետո, քանի որ նրանց ստեղծագործությունները ժամանակակիցներին հասկանալի չեն եղել, և ժամանակ է պահանջվել, որպեսզի հասարակությունն ըստ արժանվույն գնահատի դրանք:

Վերածնության դարաշրջանի մեծ արվեստագետի` քանդակագործ, գեղանկարիչ և ճարտարապետ Միքելանջելոյի ստեղծագործությունները հուզել են նրա ժամանակակիցներին և շարունակում են հուզել սերունդներին:

Միքելանջելո Բուոնարոտին ծնվել է 1475-ի մարտի 6-ին Կապրեզե փոքրիկ քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա, որն էլ դարձել է արվեստագետի հարազատ քաղաքը: Փոքրուց դեպի արվեստը հակված Միքելանջելոն մեծ դժվարությամբ է հաղթահարել մեծահարուստ, բայց սննկացած հոր դիմադրությունը, ով ամենից առավել գնահատում էր հարստությունը, իսկ արվեստը համարում էր անվայել զբաղմունք:

Ուսումնառության տարիներին, երբ նա ընդամենը 15-16 տարեկան էր, ծնվել են առաջին ստեղծագործությունները` «Տիրամայրը սանդուղքի մոտ» և «Կենտավրների մարտը» քանդակները: Միքելանջելոյի «Տիրամայրը» տարբերվել է Վերածննդի նկարիչների ստեղծագործություններից իր հզոր համամասնություններով: Նկարչին չէին հուզում մանրամասները, նա ձգտում էր նորի:

Բոլորովին հարթ չի եղել արվեստագետի կյանքը, ընդհակառակը, լի փորձություններվ, հիասթափությամբ, միայնությամբ ու թափառումներով:

Բուռն իրադարձությունները նրան ստիպել են թողնել հարազատ քաղաքն ու մեկնել Հռոմ, որտեղ նա սկսել է աշխատել իր նոր քանդակի` Բաքոսի արձանի վրա:

«Դուք այն ստեղծել եք այնպես, ինչպես մենք` ճարտարապետներս բարձրանում ենք շենքը: Դա չափազանց համարձակ ձեռնարկում է: Ձեր արձանը դարերով կկանգնի հաստատուն և ուղիղ»,- այսպիսին էր արձագանքը մեծ ճարտարապետ Ջուլիանո Սանգալոյի կողմից: Բաքոսի արձանը, որն այժմ գտնվում է Ֆլորենցիայի Ազգային թանգարանում, լայն ճանաչում բերեց երիտասարդ քանդակագործին:

Երկու տարվա լարված աշխատանքի արդյունքում Միքելանջելոն կյանքի է կոչել մարմարե ամենամեծ արձանը, որ երբևէ եղել էր Ֆլորենցիայիում: Դավթի արձանը դարձավ Ֆլորենցիայի նոր խորհրդանիշը: «Դու խիզախ ես, ինչպես քո ստեղծած Հսկան»,- ասում էին արվեստագետին:

Կյանքի վերջին տարիներին արվեստագետը զբաղվել է ճարտարապետությամբ: 82 տարեկան հասակում նա արդեն այնքան լավ չէր տեսնում, նրա քայլերն անհաստատ էին, ուժերը` սպառված:

«Թախծալի է, որ ստիպված եմ մեռնել: Ես կցանկանայի մի անգամ էլ սկսել սկզբից, ստեղծել նոր ձևեր ու նոր քանդակներ, որոնց մասին նախկինում չեմ էլ երազել…

Ես սիրում էի մարմարը, սակայն գեղանկարչությունը նույնպես: Սիրում էի իմ մտերիմներին, իմ երկիրը, ևʹ երկինքը, ևʹ լավ մարդկանց: Ես սիրում էի կյանքը և այժմ մահն ընդունում եմ որպես նրա բնական եզրափակում»,- այս խոսքերն է արտահայտել մահվանից առաջ իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ Միքելանջելո Բուենարոտին:

11369 | 1
Facebook