Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստուգման նպատակով գույքն առգրավում են ու երկար ժամանակ չեն վերադարձնում». Տաթևիկ Խաչատրյան

19:15, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
«Ստուգման նպատակով գույքն առգրավում են ու երկար ժամանակ չեն վերադարձնում». Տաթևիկ Խաչատրյան

Պաշտոնական տվյալներով` 2012-13թթ. մեր հանրապետությունում փակվել է 3000-ից ավելի օբյեկտ՝ կրպակներ, խանութներ, սպառողական շուկաներ: 2014-ի միայն առաջին եռամսյակում, նորից պաշտոնական տվյալներով, փակվել է մոտ 1600-ից ավելի օբյեկտ:
     2014թ. գարնանը` Աժ քննարկումների ժամանակ, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, պատգամավորները հետաքրքրվել էին` կառույցն ունի՞ վերլուծություն, թե ինչո՞ւ է խաթարվում մարդկանց ձեռնարկատիրական գործունեության իրացման գործառույթը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանից փորձեց պարզել ուսումնասիրության արդյունքները. որո՞նք են օբյեկտների փակման պատճառներն ու ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում իրենց գրասենյակը` Ֆինանսների նախարարությունից պարզաբանումներ ստանալու ժամանակ:
     «Կրպակների փակման պատճառները մի քանիսն են` չափից մեծ հարկային բեռ, անհարկի ու անհիմն ստուգումներ, որոնք խանգարում են բիզնեսմենին… Բողոքներ կան, որ ստուգման նպատակով գույքն առգրավում են, օրինակ համակարգչային տեխնիկան, ու երկար ժամանակով չեն վերադարձնում` խոչընդոտելով մարդկանց աշխատանքը», - ասաց մեր զրուցակիցը` հավելելով` հիմնական խնդիրն այն է, որ ՓՄՁ-ն, որը բարեկեցության խթան է հանդիսանում, փակվում է` դրանով ազդելով գործազրկության մակարդակի բարձրացման վրա:
    
     Աժ 2014-ի քննարկումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ իրենց հաճախ մեղադրում են լիազորություններից դուրս գալու մեջ, ինչի հետ ինքը համակարծիք չէր. «Հաճախ, երբ դիմում ենք ՊԵԿ-ին` ինչ-որ տեղեկություն ստանալու նպատակով, ասում են` առևտրային գաղտնիք է»,- նշել էր նա:
    
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Տաթևիկ Խաչատրյանն ասաց, որ Ֆինանսերի նախարարության վերոնշյալ գործելաոճին իրենք անդրադառնալու են Պաշտպանի տարեկան զեկույցի ժամանակ. «Այո, կա այդպիսի պարկտիկա, որ Ֆինանսների նախարարությունը հարկային ու մաքսային գաղտնիքը ոչ հավասարաչափ է կիրառում, որն էլ որ գաղտնիք չէ, գաղտնիք է պիտակավորում, մինչդեռ օրենքով այդ ամենը հստակ ներկայացված է»,- ասաց Պաշտպանի տեղակալը:

3048 | 0
Facebook