Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը կհրաժարվի՞ սահմանադրական փոփոխությունների գաղափարից. «ՀԺ»

09:45, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Սերժ Սարգսյանը կհրաժարվի՞ սահմանադրական փոփոխությունների գաղափարից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Քաղաքական դաշտում ձևավորվում են սպասումներ, որ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարվելու մասին: Շատերը մտածում են, թե սա Սարգսյանի համար ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու միջոց է, որն արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա նաև եռյակին: Որ սահմանադրական փոփոխությունների խաղաքարտը Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ներքաղաքական հաշվարկների համար, ակնհայտ է: Բայց տվյալ իրավիճակում նրան կարծես թե ձեռնտու է սահմանադրական փոփոխությունների պրոցեսը շարունակելը, քան թե կասեցնելը: Ի վերջո, եկեք պատկերացնենք, որ նա հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Բա ի՞նչ է անելու սրա փոխարեն:
     Սա կարևոր հարց է, որովհետև քաղաքական իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու համար նա պետք է դառնա քաղաքական օրակարգի թելադրող: Առանց սահմանադրական փոփոխությունների նա ի՞նչ օրակարգ է առաջարկելու ներքաղաքական կյանքի համար: Փաստացի առաջարկելու ոչինչ չունի. սա նշանակում է, որ այդ դատարկ տեղը կլրացնեն ուրիշները՝ իրենց զանազան օրակարգերով, և իրավիճակը դուրս կգա իր վերահսկողությունից: Իսկ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել ընդդիմախոսներից և նրանցից շատերին դնել անհարմար իրավիճակի մեջ: Խնդիրն այն է, որ եռյակի ուժերից երկուսը մշտապես խորհրդարանական կառավարման անցնելու կողմնակից են եղել: Խոսքը «Ժառանգության» և ԲՀԿ-ի մասին է: Թե առաջինը, և թե երկրորդը իրենց նախընտրական ծրագրերում կետ են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական ձևին անցնելու մասին, և հիմա՝ սահմանադրական բարեփոխումների՝ Սերժ Սարգսյանի առաջարկը մերժելուց հետո, նրանք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենան, թե այդ ինչո՞ւ ընդամենը երկու տարի առաջ այդ բարեփոխումները համարում էին փրկության ուղի, իսկ հիմա կործանման ուղի են հռչակում:
     Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս նաև որոշակիորեն բարելավել իր վիճակը խորհրդարանում: Ի վերջո, ՀՅ Դաշնակցությունը փոփոխությունների միանշանակ կողմնակից է, և այս ֆոնին ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը խորհրդարանական կայունության ավելի մեծ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանին»։
     Մանրամասները` թերթի համարում:

3173 | 0
Facebook