Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նովոստի-Արմենիա» զանգահարած և Պերմյակովի հայր ներկայացած անձը ցավակցել է Գյումրիի զոհերի հարազատներին

17:32, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
«Նովոստի-Արմենիա» զանգահարած և Պերմյակովի հայր ներկայացած անձը ցավակցել է Գյումրիի զոհերի հարազատներին
     «Նովոստի-Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած անձը ցավակցություն է հայտնել Գյումրիում կատարված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։
     Նա մասնավորապես ասել է. «Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ համար դժվար է խոսելը, որովհետև... ինչպես կարող էր նման բան կատարվել...»:
     Նա հայտնել է, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։ «Շատ լավ է ծառայել, մեծ ոգևորությամբ է գնացել բանակ։ Նա հաջողություններ ուներ մարտական և ֆիզիկական պատրաստությունից, տանկերի տեխնիկական վարումից, նրան վերջերս հերթական կոչումն են տվել»,- ասել է լրատվականի զրուցակիցը։
    
     Տղամարդը չի հաստատել լրատվականներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Վալերի Պերմյակովը բազմիցս փախել է բանակից։ «Ես նման տեղեկություն չունեմ, մենք զրուցել ենք հեռախոսով.... Նա լավ տղա էր, լավ զինվոր, բայց նա նաև երիտասարդ է, իսկ երիտասարդը երիտասարդ է, և հնարավոր է, ինչ-որ խախտումներ ուներ, բայց դրանց մասին ոչին չի ասել, հնարավոր է, որ եղել են, բայց չեմ կարող հաստատել»,- ասել է զանգահարողը, ով վերջին անգամ որդու հետ խոսել է Սուրբ ծննդյան օրը և զրույցի ընթացքում տարօրինակ ոչինչ չի նկատել։ «Ամեն ինչ կարգին էր։ Նրա հետ զրուցելուց հետո ես ու կինս որևէ կասկած անգամ չենք ունեցել, որ ինչ–որ բան այն չէ։ Նա շիտակ մարդ է և կարող էր ասել, որ ինչ-որ բանից դժգոհ է կամ որ զզված է ամեն ինչից և տուն է ուզում գալ, բայց այդպիսի բան չկար։ Ոչ մի խնդրի մասին նա երբեք չէր խոսում,- ասել է տղամարդը և հավելել,- ծառայությունը նրան դուր էր գալիս։ Նա հատուկ գնում էր մարզասրահ, ձգում մարմինը, որ համապատասխան տեսք ունենա։ Ամեն ինչ լավ էր, մենք չենք կարողանում հավատալ, որովհետև ոչ մի դրդապատճառ չկար... Մեզ անհասկանալի է, թե ինչպես է դա կատարվել, չէ՞ որ չէր դժգոհում, գոհ էր ծառայությունից...»։
    
     Զրուցակիցը միաժամանակ նշել է, որ պատրաստ է գործակցել քննիչների հետ։ Տղամարդը պատմել է, որ իրեն հայտնել են, թե որդին նախօրեին կորել է զորամասի տարածքից, իսկ երեքշաբթի առավոտյան Չիտայում գտնվող իրենց տուն են եկել քննիչն ու թաղայինը` ցուցմունք վերցնելու համար։
14690 | 7
Facebook