Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Հայկական Վերածնունդ»-ը սատարում է հեղափոխական ուժերին». Շանթ Ոսկերչյան

20:10, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
««Հայկական Վերածնունդ»-ը սատարում է հեղափոխական ուժերին». Շանթ Ոսկերչյան

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն Երևանի ընտրություններում սատարում է հեղափոխական ուժերին.

Հարգելի' երևանցիներ, երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն` ի դեմս ճշմարտորեն ընտրված և լեգիտիմ իշխանության: Երևանը այլևս չի ունենալու ընտրակաշառքով և կեղծիքներով ընտրված ավագանի և քաղաքապետ: Երևանցիները հասկանում են, որ նրանց քվեն այլևս չի ոտնահարվելու, և քաղաքացին այլևս չի նվաստացվելու ընտրակաշառք բաժանելու միջոցով:

Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 23-ի ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին:

Միանգամայն պարզ է, որ թավշյա հեղափոխությունը դեռևս չի հասել ավարտին և հակահեղափոխական ուժերը ցանկացած իսկ հնարավորության դեպքում կփորձեն ժողովրդից խլել իշխանությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր կարևոր լծակներում ընտրվեն հեղափոխական ուժերը: Իսկ դրանցից գլխավորը, բացի հանրապետական ընտրություններից, դա Երևանի ավագանու ընտրություններն են: Վերջին տարիների պայքարի տարբեր հանգրվաններում, մեր աչքերի առջև, բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերել են իրենց արժեքները և իսկությունը:

Հասարակությունը տեսել է, թե ով ինչ դաշինքների մեջ է մտել, ում հետ, և ինչպիսի ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմներին:

Ուստի կոչ ենք անում երևանցիներին իրենց քվեն տալ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքին, ինչպես նաև այն քաղաքական և քաղաքացիական ուժերին, ովքեր իրենց գործով, այլ ոչ թե խոսքերով, միշտ եղել են ժողովրդի կողքին և դեմ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմներին:

Վստահ ենք, որ ով էլ որ հեղափոխական ուժերից ստանա մեծամասնություն, ժողովուրդը կհաղթի և հեղափոխությունը ևս մեկ քայլ կկատարի դեպի հաղթական ավարտ: Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ»:

6210 | 0
Facebook