Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Որքան մարդ է այցելել Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին

02:05, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Որքան մարդ է այցելել Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացրել է Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվել են հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները: «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կյանքի կոչվող նախագիծը, վիճակագրության համաձայն, Երևան այցելողների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների ամենասպասված փառատոնն է, որն այս տարի գրանցեց ավելի քան 10000 այցելու:

Այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն:

Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես համաքաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները («Գարեջրային արագություն», «Որքան կարող ես», «Գարեջրային նրբություն», «Հաղթահարիր 30 վայրկյանում», «Արագ և քիչ», «Գարեջրային զույգ», «Համադրիր ճիշտ», «Գուշակիր գարեջրի համը», «Գարեջրային փրփուրներ», «Խմիր գարեջուրը գդալով», «Չխորտակես բաժակդ», «Գարեջրային պինգ-պոնգ», «Դիպուկ գարեջրասերը», «1 լիտր գարեջուր», «Լցրու բաժակդ», «Խմիր ու կեր պանրիկը», «Ասա հակառակը», «4 ձողի ուժը», «Գարեջրի ուժը», «Գարեջրի ծով», «Թիմային գարեջուր» և «Գարեջուր առանց ձեռքերի»): Հաղթողներն արժանացել են Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնի մրցույթի մասնակցության հավաստագրերի և մասնակից ընկերությունների կողմից խորհրդանշական նվերների:

Հինգժամյա ծրագրով փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի սիրված երգիչներ Աննա Խաչատրյանի, Անահիտ Շահբազյանի, Նարե Գրիգորյանի, Ռիփիի ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին, երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ուրախ ռիթմերով:

18821 | 0
Facebook