Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ի պատասխանը՝ «Փյունիկ»-ին և «Արարատ»-ին

19:55, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
ՀՖՖ-ի պատասխանը՝ «Փյունիկ»-ին և «Արարատ»-ին

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Փյունիկ»-ի և «Արարատ»-ի՝ իր հասցեին հնչած հայտարարություններին։

«Այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման հիման վրա.

«Փյունիկ»-ի վերանվանման վերաբերյալ

ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկ»-ի՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը և, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Սակայն, ի տարբերություն «Փյունիկ»-ի սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել և ՀՖՖ-ում հայտավորել է «Երևան» թիմը: Այսինքն, առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձևանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա:

«Փյունիկ»-ի սաների՝ «Ավան Ակադեմիա»-ի կազմում հանդես գալու վերաբերյալ

Բացարձակ սուտ է և հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկ»-ի սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիա»-ին և ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երևան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներին առաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին, այդ ո՞ր «Փյունիկ»-ի սաների մասին են խոսում. այն «Փյունիկ»-ի, որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երևան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկ»-ն արդեն «գուշակել» է:

«Հանրապետական» մարզադաշտի վարձավճարի վերաբերյալ

«Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը, իրոք, բարձրացել է և բարձրացել է ոչ միայն «Փյունիկ»-ի, այլև բոլոր վարձակալողների համար: Սակայն զգալիորեն բարձրացել են նաև ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները: Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը` այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈՒԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում:

«Փյունիկ»-ի մարզադպրոցի վերաբերյալ

Սուտ է այն հայտարարությունը, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը:

ՀՖՖ ժողովի վերաբերյալ

Ստոր սուտ և կեղծիք է հատկապես այն հայտարարությունը, իբրև թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկ»-ի, ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային և ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում:

«Արարատ» ակումբի հայտարարության վերաբերյալ

Ինչ վերաբերվում է «Արարատ» ակումբի՝ ՀՖՖ կողմից «Արարատ Արմենիա» ապօրինի գրանցման վերաբերյալ հայտարարությանը, ապա պաշտոնապես հայտարարում ենք, որ ընդհակառակը՝ ՀՖՖ-ն որևէ իրավունք չուներ չգրանցելու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին»,- նշված է հայտարարության մեջ։

4745 | 0
Facebook