Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապատեղեկատվություն տարածելը դարձել է 3-4 անձի առաջին պաշտպանական միջոց». ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները

19:00, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Ապատեղեկատվություն տարածելը դարձել է 3-4 անձի առաջին պաշտպանական միջոց». ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները

Շիրակի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ և ուսանողներ երեկ ահազանգել էին, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, «չի հանգստանում՝ բացահայտ ծավալելով ծրագրված գործունեություն՝ համալսարանում կառավարման նոր համակարգ և համակազմ ձևավորելու ուղղությամբ»: Սակայն Անահիտ Ֆարմանյանն այս մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ապատեղեկատվություն տարածելը դարձել է 3-4 անձի առաջին պաշտպանական միջոց»,- ասում է Անահիտ Ֆարմանյանը:

Իսկ թեմայի վերաբերյալ նա հետևյալ պարզաբանումն է անում. «Երկու օր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Երվանդ Սերոբյանի հետ՝ հայտնելով նրան, որ համալսարանում բուռն քննարկվում է, որ իր կողմից ուղղորդվում է, թե որ ֆակուլտետից ով պետք է ընդգրկվի ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդում: Պարոն Երվանդ Սերոբյանի կողմից փաստը հերքվել է, ինչպես նաև մեկնաբանվել, որ ինքն էլ իր կարծիքն ունի Հոգաբարձուների խորհրդի կազմավորման մասին: Բնականաբար, ես մեկնաբանել եմ, որ նա բուհում զբաղեցնում է բարձր պաշտոն և իրավունք չունի ուղղորդելու գործընթացը: Բուհում հայտնի է, որ ղեկավարության կողմից Մանկավարժության ֆակուլտետում առաջադրվելու է Ազատ Մաթևոսյանի, իսկ Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում՝ Մարտին Թադևոսյանի թեկնածությունները:

Բուհում ես աշխատակիցների հետ երբևէ չեմ ունեցել և այժմ էլ չունեմ միջանձնային խնդիրներ, բացառությամբ թաքուն գործող 3-4 անձանց, ովքեր, Սահակ Մինասյանի անունը լսելիս, ուղիղ իրենց են վերագրում ամեն ինչ: Պատճառն այն է, որ իրենք էլ թաղված են նույն խնդիրների մեջ: Պարզվում է, որ անհասկանալի դիզայներական և այլ ծառայությունների համար բուհի բյուջեից խոշոր չափի գումարներ են դուրս գրվել նույն անձանց անուններով, ավելին՝ գրադարանի գրքերի ոչնչացման մասին խոսակցությունները ցավոտ են տանում, քանի որ իրենք էլ են հանցակից և այլն:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ավելի քան համախմբված է, և բոլորս ունենք նույն մտահոգությունը՝ վերականգնել բուհում խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտը: Յուրաքանչուր աշխատակից և ուսանող շատ լավ գիտակցում է, որ հոդվածում նկարագրված մեթոդների և միջոցների միջև խտրականություն չդնելը պատկանում է նախկին ռեկտորին, որն իր բերած «նոր մշակույթ»-ի մաս էր կազմում: Նկարագրվածն իմը չէ, մերը չէ: Մեր բուհի աշխատակիցները սովոր են համագործակցել, համաձայնել կամ մերժել կարծիքները, որի համար էլ պայքարել ենք:

Ամեն անգամ նույն մարդկանց կողմից անանուն տարածվում է ապատեկեկատվություն՝ կարծելով, որ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է: Անհեթեթ ինֆորմացիան գրում են մի խումբ ուսանողների անունից՝ առանց մտածելու, որ այդ նույն ուսանողներն են պահանջել նախկին ռեկտորի հրաժարականը, երբ ապօրինի ազատվեցի աշխատանքից:

Ավելի քան վստահ եմ, որ արագ վերականգնվելու եմ իմ աշխատանքին՝ որպես պրոռեկտոր. այդ նպատակով հայցադիմումն արդեն ներկայացված է դատարան:

Ինձ համար միշտ էլ առաջնային են եղել միջանձնային հարաբերությունները, և ես պաշտոնը երբեք չեմ փոխի այն ջերմ հարաբերությունների հետ, որոնք այս պահին ունեմ իմ կոլեգաների և ուսանողների հետ»:

6875 | 0
Facebook