Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրավառության նյութերի վաճառքը կարգելվի ֆիզիկական անձանց համար». Լենա Նազարյան

11:15, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
«Հրավառության նյութերի վաճառքը կարգելվի ֆիզիկական անձանց համար». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվել է իր առաջարկն, ըստ որի՝ հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց:

«Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:

Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը

վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն

աշխատավարձի 250-ապատիկի չափով:

Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում:

Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը

կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից - 2 մլն դրամով:

Հուսով եմ, որ այս սահմանափակումներն ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը:

Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ»,- նշել է պատգամավորը:

3901 | 0
Facebook