Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Աստված հոգ կտանի հայրիկի ու մայրիկի մասին, երբ ես չլինեմ». ինչ են խոսում մահվան շեմին կանգնած երեխաները

23:10, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
«Աստված հոգ կտանի հայրիկի ու մայրիկի մասին, երբ ես չլինեմ». ինչ են խոսում մահվան շեմին կանգնած երեխաները

Twitter-ի լրահոսում տեսնելով միայն բացասական գրառումներ՝ ՀԱՀ-ում աշխատող պալիատիվ մանկաբույժ Ալասթեյր ՄաքԱլփինը (լուսանկարում) որոշում է մի քիչ լույս տարածել՝ հրապարակելով իր հիվանդանոցի 4-9 տարեկան անբուժելի հիվանդ երեխաների խորիմաստ ու հետաքրքիր մտքերը, գրում է BBC-ն: «Ես հարցրեցի պալիատիվ մանկաբուժության բաժնի իմ անբուժելի հիվանդներին, թե ինչն է նրանց դուր գալիս կյանքում, և ինչն է իմաստ տալիս կյանքին: Երեխաները շատ իմաստուն են, ահա նրանց մի քանի պատասխանները.

Նախ, ոչ ոք չասաց, թե կուզենար ավելի շատ հեռուստացույց դիտել, Facebook-ում ժամանակ անցկացնել: Ոչ ոք չի սիրում կռվել ու չի սիրում հիվանդանոցները: Շատերը նշել են իրենց ընտանի կենդանիներին. «Ես սիրում եմ Ռուֆուսին, նա այնքան ծիծաղելի է հաչում», «Սիրում եմ, երբ Ջինին գիշերն ինձ է փարվում ու մլավում», «Ամենաշատն ինձ դուր եկավ Ջեյքին հեծնած լողափով զբոսնելը»:

Շատերը հիշատակեցին իրենց ծնողներին՝ անհանգստանալով նրանց մասին. «Հուսով եմ, որ մայրիկի հետ ամեն ինչ լավ կլինի, նա մի տեսակ շատ է տխուր», Հայրիկն իզուր է անհանգստանում, մենք շուտով կտեսնվենք», «Աստված հոգ կտանի հայրիկի ու մայրիկի մասին, երբ ես չլինեմ»:

Բոլորը սիրում են պաղպաղակ:

Բոլորն էլ սիրում են գրքեր ու պատմություններ, հատկապես, երբ դրանք ծնողներն են կարդում. «Հարի Փոթերի հետ ես ինձ խիզախ զգացի», «Պաշտում եմ տիեզերքի մասին պատմություները», «Երբ առողջանամ, ուզում եմ Շերլոք Հոլմսի պես մեծ հետախույզ դառնամ»: Ժողովուրդ, կարդացեʹք ձեր երեխաների համար, նրանք սիրում են դա:

Շատերն ասում էին, որ լավ կլիներ, որ իրենք քիչ մտածեին, թե ինչ կասեին իրենց մասին ուրիշները և գնահատեին նրանց, ովքեր իրենց «նորմալ» են վերաբերում. «Իրական ընկերների համար միևնույն էր, որ իմ մազերը թափվել են», «Ջեյնն այցելեց ինձ վիրահատությունից հետո և նույնիսկ չնկատեց սպին»:

Շատերը սիրում են լողալ ու գնալ լողափ. «Ես ավազից մեծ ամրոցներ էի սարքում», «Լողալն ալիքների մեջ այնքան լավ էր, նույնիսկ աչքերս չէին ցավում»:

Բոլորն էլ, նախևառաջ, գնահատում են բարությունը. «Իմ տատիկն այնքան բարի է, ես նրա հետ ժպտում եմ», «Յոննին տվեց իր բուտերբրոդի կեսը, երբ ես իմը չկերա, դա շատ հաճելի էր», «Ինձ դուր է գալիս, երբ գալիս է բարի բուժքույրը, նա քնքուշ է, և ես այդքան էլ ուժեղ ցավ չեմ զգում»:

Բոլորն էլ սիրում են, երբ իրենց ծիծաղեցնում են. «Այդ աճպարարն այնքան հիմարն էր, նրա շալվարն ընկավ, ես այնքան ծիծաղեցի», «Պաշտում եմ, երբ հայրիկս ծիծաղելի ծամածռություններ է անում», «Կողքիս մահճակալի տղան գազեր հանեց, հա-հա-հա»: Ծիծաղը թեթևացնում է ցավը:

Երեխաները սիրում են խաղալիքներ և սուպերհերոսներին. «Արքայադուստր Սոֆիան իմ ամենասիրելի տիկնիկն է», «Ինձ դուր է գալիս Բեթմենը» (բոլոր տղաներին է դուր գալիս Բեթմենը), «Սիրում եմ գրկել իմ արջուկին»:

Եվ վերջապես, նրանք բոլորն էլ գնահատում են ընտանիքի հետ անցկացրած ժամանակը: Դա է նրանց համար ամենագլխավորը. «Մայրիկն ու հայրիկն ամենալավն են», «Իմ քույրիկն ինձ միշտ այնպես ուժեղ է գրկում», «Ինձ ոչ ոք այնպես չի սիրում, ինչպես մայրիկը»:

Եզրակացություն բոլորի համար.

Բարի եղեք,

Շատ գրքեր կարդացեք,

Շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ

Գնացեք լողափ,

Գրկեք շներին,

Ասացեք մտերիմ մարդուն, որ սիրում եք նրան

Սրանք այն բաներն են, որի կարիքն ունեին մահացող երեխաները, մնացած ամեն ինչը մանրուք է:
     Եվ մի բան էլ՝ պաղպաղակ կերեք»:

Հավելենք, որ բժիշկ ՄաքԱլփինը որոշել է պալիատիվ օգնությամբ զբաղվել, երբ նկատել է դրա ահռելի բացը բժշկության մեջ. «Թվում էր, որ ոչ ոք չգիտի՝ ինչպես վարվել մահացող փոքրիկի հետ: Այժմ իմ աշխատանքում ամենալավն այն է, որ ես ծանոթանում եմ անհավանական երեխաների ու նրանց ընտանիքների հետ: Մենք նրանց հետ հատուկ ճանապարհ ենք անցնում: Որքան էլ սարսափազդու լինի երեխայի մահը, լավագույն ելքն արժանի ու անցավ մահն է: Եթե ես կարողանում եմ նրանց կյանքը փոքր-ինչ պակաս տանջալի դարձնել, ապա արժե, որ աշխատեմ: Դա է ինձ առաջ շարժվելու ուժ տալիս»:

14955 | 1
Facebook