Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա մեկն է նրանցից, ովքեր մի քանի տարում շուռ են տալիս աշխարհը». այսօր ծնվել է Երվանդ Քոչարը

14:05, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Նա մեկն է նրանցից, ովքեր մի քանի տարում շուռ են տալիս աշխարհը». այսօր ծնվել է Երվանդ Քոչարը

«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղանները… Իրական ստեղծագործությունը նման է գինու»,– սա Երվանդ Քոչարի խոսքերն են։

Այսօր հայ խորհրդային նկարիչ-արձանագործ, Երվանդ Քոչարի ծննդյան օրն է: Նա հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Նրա ստեղծագործությունը 20 դարի ամենահետաքրքրիր երևույթներից է:

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15- ին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թթ ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց): 1918 - 1919 թթ՝ ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

15-ամյա պատանու կարողություններն առաջինը նկատել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանի նկարչության ուսուցիչ Հարություն Շիմշինյանը։ Նրա խորհրդով Երվանդը դարձավ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցի սան, որտեղ սովորեց դասական նկարչության հիմունքները, սակայն մինչև կյանքի վերջը չկորցրեց ինքնարտահայտման մշտական ձգտման և նորը սովորելու ցանկությունը։

«Նա մեկն է նրանցից, ովքեր մի քանի տարում շուռ են տալիս աշխարհը և ամբողջությամբ փոխում ժամանակակից արվեստի մասին պատկերացումը…»,- ահա այսպես էր հայ արվեստագետին բնորոշում Եվրոպական գեղարվեստական միտքը:

«Վարդան Մամիկոնյան»
«Վարդան Մամիկոնյան»

Քոչարը գնում էր դեպի համաշխարհային ճանաչում, սակայն 1936 թվականին հայ հայրենադարձների առաջին քարավանի հետ վերադարձավ հայրենիք` իրականացնելով Չարենցի պատգամը. «Դու պետք է վեր խոյանաս Հայաստանում, ինչպես Էյֆելյան աշտարակը` Փարիզում»։

Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թվականին։ Արգելքները, բանտը, մեկուսացումը, անտարակույս, ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև Խրուշչովյան «ձնհալը»։ Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960 թվական), «Պատերազմի արհավիրքը» (1962 թվական), «Զվարթնոցի արծիվը» (1955 թվական), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թվական), «Վարդան Մամիկոնյանը» (1972 թվական), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959 թվական) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։

«Սասունցի Դավիթ»
«Սասունցի Դավիթ»
«Զվարթնոցի արծիվը»
«Զվարթնոցի արծիվը»

Քոչարի արվեստն իր մեջ ամփոփում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։

«Մելամաղձություն»
«Մելամաղձություն»

Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

4548 | 0
Facebook