Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թարթիչները կտրած երեխան տեղափոխվել է Ադամյան կրթահամալիր. գործը քննչականում է

17:20, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Թարթիչները կտրած երեխան տեղափոխվել է Ադամյան կրթահամալիր. գործը քննչականում է

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 1-ին դասարանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության հարցով գործը Քննչական կոմիտեում է: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: «Ոստիկանությունը որոշել է, որ պետք է քննչականը շարունակի ու պիտի նախաքննություն սկսեն այս գործով, որովհետև հոր, վարորդի, ուսուցիչների ցուցմունքները բոլորը նույնն են: Երեխան էլ գրել է, որ դպրոցում է ենթարկվել բռնության: Դատաքննչականը երեխայի վրա իսկապես նման բաներ գտել է, բայց դա չգիտեմ՝ որտեղ է եղել: Հիմա քննչականը պետք է հասկանա՝ որտեղ է երեխայի նկատմամբ բռնությունը կատարվել: Հայրն էլ, վարորդն էլ գրել են, որ երեխային դպրոցից նորմալ վիճակում են տարել»:

Դպրոցի տնօրենն ասաց, որ Արտյոմի մայրը եկել է և երեխայի գործերը տարել: Հիմա նա տեղափոխվել է Ադամյան կրթահամալիր: Արտյոմի մասին խոսելով տնօրեն Անահիտ Խոսրովյանը նշում է, որ շատ լավ երեխա է: «Արտյոմն անմեղ երեխա է: Ինքը կրկնում է այն խոսքերն, ինչը մայրն է իրեն սովորեցնում: Ես նույնիսկ քննչականում խնդրել եմ լրիվ ուրիշ հոգեբան, որ երեխայի հետ առանձին խոսի, որ մայրը կողքին չլինի: Մայրն ինչ իրեն պետք է՝ ասում է, երեխեն կրկնում, մայրն էլ նկարում է ու այդ նկարածն է ցույց տալիս»:

Անդրադառնալով այն երեխաներին, որոնց անունները Արտյոմը հնչեցրել էր, Անահիտ Խոսրովյանն ասաց, որ նրանցից Գոռը դեպքից հետո 2-3 օր տաքության մեջ է եղել: «Մայրն ուզում էր անընդհատ բողոքեր, թե ինչու պետք է իմ երեխան հասներ ոստիկանություն, բայց հիմա կրքերը ոնց որ հանդարտվել են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին լուրեր տարածվեցին, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 1-ին դասարանի աշակերտները բռնություն են կիրառել իրենց դասընկերոջ՝ Արտյոմ Սարգսյանի նկատմամբ: Երեխայի մոր խոսքով նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում երեխայի դասընկերները՝ Մինասը, Գոռը և Գագիկը սկոտչով կապել են նրա ձեռքերը, դեմ տվել պատին, մի քանի հարվածներ հասցրել, այնուհետև նրանցից մեկը մկրատով երեխայի թարթիչներն է կտրել:

7624 | 1
Facebook