Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դադիվանքի պեղումների, սենսացիոն «զմռսված գաղտնարանի» եվ ինչ-որ հնագետի մասին». Համլետ Պետրոսյան

00:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Դադիվանքի պեղումների, սենսացիոն «զմռսված գաղտնարանի» եվ ինչ-որ հնագետի մասին». Համլետ Պետրոսյան
    
Նկատի ունենալով, որ վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում են Դադիվանքում ինչ որ «զմռսված գաղտնարանի», արտառոց գյուտերի, մշուշապատ հետազոտությունների մասին պատմություններ, հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Դադիվանքի 2017 թ. հնագիտական խիստ սահմանափակ հետազոտությունն իրականացվել է իմ ղեկավարությամբ: Պեղվել է, այո, խիստ ուշագրավ մի կառույցի մի հատվածը, բայց առայժմ վերջնական եզրակացությունների համար դեռևս բավարար արդյունքներ չունենք: Պիտի խնդրեմ գործընկերներիս և լրատվամիջոցներին, հարգել արշավախմբի հեղինակային իրավունքը, հանդես չգալ հապշտապ հայտարարություններով:
Դադիվանքի հետ մի անգամ արդեն այդպես պատահել է, երբ սենսացիայի մարմաջը մեզ զրկել է հնագիտական կարևոր գյուտը վավերացնելու և պատմական փաստի վերածելու հնարավորությունից:
Կանխելու համար հետագա չափազանցումները, ստորև ներկայացնում եմ հնագիտական հետազոտության նախնական արդյունքների վերաբերյալ արշավախմբի հաշվետվությունը:
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու 2017 թ. հնագիտական հետազոտության նախնական արդյունքները
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խումբը (ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյան, հնագետ՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Տատյանա Վարդանեսովա, ճարտարապետ` Դադիվանքի վերականգնման ծրագրի ճարտարապետ Սամվել Այվազյան, 3 բանվոր մերձակա Չարեքտար և Նոր Էրքեջ գյուղերից) 2017 թ. օգոստոս ամսին հետազոտել է Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու ներսում պատահականորեն հայտնաբերված ստորգետնյա կառույցը: Ստորև ներկայացվում է այդ հետազոտության նախնական արդյունքները:
Նախապատմություն: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, որը վերականգնվել է 1998-2000, 2006-2007 թվականներին, վերջին տարիներին, ինչպես երևում է հարավային և արևելյան պատերում առաջացած ուղղահայաց ճաքերից, նորից ամրակայման կարիք ուներ: Պարզելու համար հիմքերի վիճակը, վերականգնող մասնագետները հորատներ են փորել եկեղեցու անկյուններում դրսից, և հարավային պատի հիմքին զուգահեռ՝ նրա միջնամասում դրսից և ներսից: Ներսում պատի հիմքը ստւգելիս բացվել է այդ հիմքին զուգահեռ կառուցված գետնուղու[1] մի հատվածը՝ ինչ էլ հիմք է հանդիսացել ներկա հնագիտական հետազոտության համար:
Պեղումները: Տասնօրյա պեղումների ընթացքում բացվել են գետնուղու ներքին ծավալը (0,70*0,50*6,50 մ), նրան հյուսիսից հարող աղոթասրահի հատվածը (մակերեսը՝ 2*2 մ, խորությունը՝ 1,10 մ), եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը դրսից (2,50*1,0*1,0 մ), հյուսիսային պատի միջնամասին կից հատվածը ներսից (1,50*0,80*0,80 մ):
Նկ. 1 Գետնուղու նախնական տեսքը
Նկ. 1 Գետնուղու նախնական տեսքը
Բոլոր այս միջոցառումներն ուղղված էին գետնուղու ծավալա-տարածական լուծումները, չափերը, կառուցման տեխնիկան և գործառույթը պարզելուն:
Պեղումները երևան բերեցին նաև եկեղեցու կառուցման որոշ մանրամասեր, որոնք այս կամ այն չափով կապվում են և խդրո առարկա գետնուղու հետ: Ինչպես պարզեցին պեղումները, եկեղեցին կառուցվել է արհեստականորեն ստեղծված ընդարձակ հարթակի վրա, նրա հարավային եզրին: Հարթակը կազմված է սովորական հողի և քարերի խառնուրդից, և տոփանման կամ ամրացման որևէ հետք չի կրում: Եկեղեցու հյուսիսային պատը, հարավ-արևմտյան պատկից սյունը նստած են անմիջապես հարթակի վրա և հիմքեր չունեն: Սա խիստ արտառոց է, երբ պատն ու կանստրուկտիվ կարևորություն ունեցող սյունն ուղղակի հիմքեր չունեն: Հնարավոր է, որ այդպես է ողջ եկեղեցին, բացի հարավային պատից: Հարավային պատը, ինչպես պարզեցին պեղումները, դրված է բուն պատի համեմատ ավելի լայն քարուկիր հիմքի վրա, ընդ որում հիմքը շատ ավելի կանոնավոր շարված ու սվաղված է, քան բուն պատը:
Նկ. 2 Գետնուղու արևելյան հատվածը
Նկ. 2 Գետնուղու արևելյան հատվածը
Կարելի է ենթադրել, որ.
ա. կամ հատուկ ուշադրություն են դարձրել հարավային պատին, քանի որ այն դարավանդի եզրին է,
բ. կամ էլ հիմքը, որի վրա դրված է հարավային պատը, կառուցվել է եկեղեցուց անկախ և մինչև եկեղեցին, որպես ընդարձակ դարավանդ-հարթակի այդ մասն ամրակայող եզրապատ: Եվ հետագայում, եկեղեցին կառուցելիս, ուղղակի օգտագործել են այն, և նրա և նրա վրա դրել հարավային պատը:
Գետնուղին իրենից ներկայացնում է նեղ խրամատանման մի միջանցք, որը ձգվում է այդ եզրապատ-հիմքին զուգահեռ (խորությունը՝ մոտ 0,50 մ, լայնությունը՝ 0,50 մ, երկարությունը՝ 6,50 մ), անցնում է հարավային պատկից սյան տակով, միանում արևելյան և արևմտյան պատերին ներսից (նկ. 2, 3):
    
Նկ. 3 Գետնուղու արևմտյան հատվածը
Նկ. 3 Գետնուղու արևմտյան հատվածը
Կառուցման տեխնիկան: Գետնուղին կառուցելու համար դարավանդի եզրապատին զուգահեռ կրաշաղախով միաշար պատ է դրվել (նկ. 4): Դեպի ներս այդ շարը համեմատաբար կանոնավոր մակերես ունի, իսկ հակառակ երեսն անկանոն է: Սա վկայում է, որ սկզբնապես հողը լցված է եղել մինչև եզրապատը, և գետնուղի կառուցելու համար մոտ 0,50 մ լայությամբ հողը հեռացրել են ու այդ եզրի վրա շարել պատը: Գետնուղին ծածկվել է կոպտատաշ տափակ սալերով, ընդ որում հիմքի և բուն պատի միացման տեղում պահունակային եղանակով կրաշաղախի օգնությամբ ավելի փոքր քարեր են շարել, ինչը հնարավորություն է տվել ավելի փոքր ծածկասալեր օգտագործել: Այս մանրամասները փաստում են, որ գետնուղին կառւցվել է եկեղեցու կառուցման հետ միաժամանակ: Գետնուղու վերին նիշը (ծածկասալերի մակարդակը) ներկա հատակից ցածր է 0,45-0,50 մետրով, հատակի վրա տեղ-տեղ վավերացվում է կրաշաղախե հատակը (նկ. 5):
Նկ. 4 Գետնուղու և կից հատվածի ընդհանուր տեսքը պեղումներից հետո
Նկ. 4 Գետնուղու և կից հատվածի ընդհանուր տեսքը պեղումներից հետո
Նկ. 5 Աղոթասրահի սվաղապատ հատակը
Նկ. 5 Աղոթասրահի սվաղապատ հատակը

     Գործառույթը: Գետնուղին պեղված հատվածում որևէ մուտք (կամ ելք) չի ունեցել, չի միացել կամ չի առաջնորդել դեպի մի որևէ մի այլ կառույց: Նրանում նյութական մշակույթի որևէ առարկա չի հայտնաբերվել: Այն հիմնականում դատարկ էր, միայն արևելյան ու արևմտյան ծայրամասերում առկա էին միջին մեծության քարերի կուտակումներ՝ տեղ-տեղ մինչև առաստաղ: Ընդ-որում փլուզման վտանգը թույլ չի տվել պարզել, թե ինչպես են ավարտվում գետնուղու արևելյան և արևմտյան ծայրերը: Միայն ենթադրելի է, որ դրանք հանգում են համապատասխան պատերին: Այսպիսով, մենք գործ ունենք պլանավորված կառուցված ստոգետնյա մի անցքի հետ, որը որևէ իր չի պարունակում՝ այսինքն թաքստարան չի, որևէ տեղ չի տանում, թվում է մուտք ու ելք չունի: Ցավոք, հայ եկեղեցական ճարտարապետության պատմության մեջ կառույցի հիմքերը, ստորգետնյա կառույցներն ու բաղադրիչներն այնքան էլ լավ չեն ուսումնասիրված, և մենք զրկված ենք լայն համեմատական նյութ ներգրավելու հնարավորություններից: Առավել հայտնի են աղոթասրահների ու բեմերի տակ գտնվող դամբարանները, հատկապես վաղքրիստոնեական, նաև Արցախում, ներառյալ Դադիվանքը (նկատի ունենք Դադիին վերագրվող և դամբարան համարվող ստորգետնյա կառույցը): Սակայն, ինչպես նշեցինք, մեր գետնուղին դամաբարանային ծավալի որևէ նշան չունի: Միակ հայտնի զուգահեռները, որոնք, ցավոք, հետազոտված չեն, Վերին Խաչենին հարևան Սոդք գավառի Այրք գյուղում են (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ): Դրանք երկու եկեղեցիներ են՝ կառուցված նույն Վերին Խաչենի Դոփյան իշխանական տան ներկայացուցիչների կողմից (որոնք նաև Դադիվանքի տերն էին) 13-րդ դարի երկրորդ կեսին: Այս եկեղեցիները կառուցման տեխնիկայով խիստ նման են Դադիվանքի փոքր եկեղեցուն (պատերի անփույթ շարվածք կոպտատաշ քարերով, հին խաչքարերի ագուցում պատերի մեջ): Երկու եկեղեցիներում էլ բեմատակերին՝ հարավային և հյուսիսային պատերին զուգահեռ կառուցված են ճիշտ նույն ձևի գետնուղիներ (Նկ. 6):
Նկ. 6 Այրքի Կաթողիկե եկեղեցու բեմատակի գետնուղին
Նկ. 6 Այրքի Կաթողիկե եկեղեցու բեմատակի գետնուղին
Էական տարբերությունն այն է, որ վերջինները բեմառէջքից մուտքեր են ունեցել: Բացառված չէ, որ դրանք կարող էին օգտագործվել եկեղեցական սպասքի ու հանդերձանքի համար, բայց պիտի նաև նկատի ունենալ, որ ամենօրյա օգտագործման համար դրանք խիստ ամհարմար պիտի լինեին, քանի որ միայն սողեսող կարելի էր մտնել և դուրս գալ:
Նկատի ունենալով, որ Դադիվանքի անցքը կառուցված է արհեստական դարավանդի անմիջապես եզրին, որից դեպի հարավ հաջորդում է մոտ չորս մետրանոց անկում, որտեղ տեղադրված է 13-րդ դարի սկզբին (համաձայն արձանագրության՝ 1211 թ.) կառուցված այսպես կոչված տաճարը, մենք ավելի հակված ենք այստեղ տեսնել դրենաժային կառույց, որով պիտի հեռացվեին վերին հարթակում՝ եկեղեցու տակ կուտակվող ստորգետնյա ջրերը:
Դադիվանքի բակը՝ համարյա ողջ այն տարածքը, որ ընկած է արևմտյան և արևելյան մուտքերի միջև, 13-րդ դարի ընթացքում լուրջ ինժեներական փոփոխությունների է ենթարկվել: Տեղանքի շեշտակի թեքությունը կոմպենսացվել է իրարից մակարդակների էական տարբերություններ ունեցող առնվազն երեք արհեստական դարավանդների ստեղծումով: Մինչ այսօր այդ համակարգի լուրջ հնագիտական հետազոտություն չի իրականացվել: Նկատի ունենալով վանքային համալիրի վերականգնման մերօրյա ակտիվ ընթացքը, խիստ անհրաժեշտություն է՝ գիտական և պրակտիկ տեսակետից, բակի հնագիտական-ճարտարապետական հետազոտության նախաձեռնումը:
Պեղումների ղեկավար
Համլետ Լ. Պետրոսյան
22 նոյեմբերի 2017 թ.:
[1] Սույն հաշվետվության մեջ մենք միայն պայմանականորեն ենք օգտագործում գետնուղի եզրը՝ դրա տակ նկատի ունենալով ոչ թե կոնկրետ գործառույթ, այլ ստորգետնյա միջանցքանման կառույցը:
     Աղբյուրը՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջ
12912 | 0
Facebook