ԱՄՆ Կոնգրեսի՝ Կառավարության վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովի 18 անդամ դիմել է դատարան՝ պահանջելով ներկայացնել Վաշինգթոնի կենտրոնում գտնվող Tramp International Hotel-ի ֆինանսական փաստաթղթերը:
Հայցվորները կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ իրեն պատկանող միջազգային ընկերության վերահսկողությունը պահպանելու մասին որոշումն Սպիտակ տան ղեկավարին շահույթ ստանալու հնարավորություն է տալիս: Հյուրանոցը տեղակայված է Տնտեսական հարցերով պետական վարչությանը պատկանող շենքում, իսկ հյուրանոցը ղեկավարող ընկերությունը գործում է գերատեսչության հետ վարձակալական պայմանագրի հիման վրա:
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Տնտեսական հարցերով պետական վարչությունը հրաժարվել է հյուրանոցի վերաբերյալ երկրի Կոնգրեսին ֆինանսական հաշվետվություն ներկայացնելուց: Բայց Կոնգրեսի տրամադրության տակ հայտնված որոշ փաստաթղթերից հաջողվել է պարզել, որ ընթացիկ տարվա առաջին 4 ամսին Tramp International Hotel-ը 1.97 միլիոն դոլարի մաքուր շահույթ է ունեցել:
Դատական հայցադիմումում նշվում է, որ հյուրանոցի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք երկրի նախագահը սեփական կարողությունն ավելացնելու համար չարաշահում է իր պաշտոնեական դիրքը: