Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, հայ զինվորին». Գրիգոր Սահակյան

23:00, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, հայ զինվորին». Գրիգոր Սահակյան

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվել է սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին Հայաստանը ներկայացնող երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոն 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ: Աշխարհի նորընծա չեմպիոնն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ:

«Գոհ եմ մասնակցությունիցս, քանի որ ոսկե մեդալ եմ նվաճել: Աշխարհի առաջնությանը շատ լուրջ էինք տրամադրվել, գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց ակնկալիքները մեծ էին»:

Խոսելով մրցակիցների մասին՝ Գրիգորը նշեց. «Հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, համենայնդեպս ինձ: Բոլորն էլ արժանի մրցակիցներ էին: Գոտեմարտել եմ չորս սամբիստների հետ, ովքեր իրենց երկրների լավագույններն են: Գոհ եմ, բայց դեռ աշխատելու կարիք կա, չպետք է եղածով բավարարվեմ»:

Երիտասարդ սամբիստն ուրախ է, որ կարողացել է բարձր պահել հայրենիքի պատիվը և հաղթանակը նվիրել է ողջ ազգին. «Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ բարձրացնել Հայաստանի դրոշը և հնչեցնել օրհներգը: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, հայ զինվորին: Շատ շնորհակալ եմ և պարտական ծնողներիս և մարզչիս՝ Մարտին Սարգսյանին»:

7162 | 0
Facebook