Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքում աշխատանք է փնտրում շուրջ 3.7 հազար մարդ

19:20, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Սյունիքում աշխատանք է փնտրում շուրջ 3.7 հազար մարդ

Սեպտեմբերի 25-ին Կապան քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատուներ, որոնց կողմից ներկայացվել են 81 թափուր աշխատատեղեր: Կապանում պահանջարկված են հատկապես բժիշկները, ինժեներները, ուսուցիչները, համակարգչային օպերատորները, տեսա և լուսանկարահանող օպերատորները և սպասարկման ոլորտի այլ մասնագետները:

Աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողներին հնարավորություն է ընձեռել միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող աշխատանքներին և առաջարկվող պայմաններին:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները ծանոթացել են նաև Կապան քաղաքի աշխատաշուկայում առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:

Սյունիքի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 3.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 92.3%-ը կամ 3.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.3%-ով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.5%-ը կամ 2.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 20.7%-ը երիտասարդ է, 5.3%-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

Մարզում հիմնական զբաղվածությունն արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտներում։
     Կապան քաղաքում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1464 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 1356: Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 143 անձ:

4186 | 0
Facebook