Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գութան» փառատոնը կոչված է հայ ազգագրական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը

17:05, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
«Գութան» փառատոնը կոչված է հայ ազգագրական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն կստեղծի: Այն կմեկնարկի սեպտեմբերի 28-ին` Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
     Փառատոնն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ:
     «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
     Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կունենանք վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ:
     Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
     Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում` «Բոլորս միասին. պահպանենք մեր ազգային երգն ու պարը խորագրով»:

3019 | 0
Facebook