Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիան 7 միլիոն դոլարով վաճառել է Ռամիլ Սաֆարովին. «ադրբեջանական լվացքատան» պատմության նոր մանրամասները

13:00, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Հունգարիան 7 միլիոն դոլարով վաճառել է Ռամիլ Սաֆարովին. «ադրբեջանական լվացքատան» պատմության նոր մանրամասները
     Հայ սպային դաժանաբար սպանած և Բաքվի «ազգային հերոս» հռչակված Սաֆարովը վաճառվել է 7 միլիոն դոլարի դիմաց:
    
     «Ադրբեջանական լվացքատան» պատմության ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել: Hungarian free press-ը գրում է, որ այս շաբաթ հրապարակված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ 2012թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելու մասին որոշումը ֆինանսական շահ ուներ: Կայքը նշում է, որ 2012թ., երբ Հունգարիան մարդասպանին հանձնեց մի երկրի, որտեղ նրան որպես հերոս ընդունեցին, գլոբալ արհամարհանքի արժանացավ: Օտտավայում հայ-կանադական հանրությունը ցույցեր կազմակերպեց Հունգարիայի դեսպանատան դիմաց: Այդ ժամանակ Հունգարիան փորձեց բացատրել իր գործողությունները՝ հայտարարելով, թե ակնկալում են, որ մարդասպանը կշարունակի կրել իր պատիժը՝ հաշվի առնելով, որ նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել հունգարական դատարանի կողմից: Իհարկե, դա տեղի չունեցավ. Սաֆարովին ոչ միայն համաներում շնորհեցին, այլև անմիջապես Հունգարիայից վերադառնալուց հետո Ադրբեջանի զինված ուժերի մայորի կոչում ստացավ: Átlátszó հակակոռուպցիոն կայքում հրապարակված զեկույցը թույլ է տալիս հաստատել, որ հունգարական կառավարությունը գիտեր, թե ինչ է անում, և նրա գործողությունները նպատակ ունեին ամրապնդել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետության հետ քաղաքական և տնտեսական կապերը: Hungarian free press-ը նշում է, որ Հունգարիայից դուրս ծավալված սկանդալը՝ կապված Ադրբեջանի կողմից փողերի լվացման բարդ սխեմայի հետ, առաջին անգամ բացահայտվեց դանիական պարբերականներում: Օգտագործելով բրիտանական կեղծ ընկերությունները՝ Ադրբեջանի իշխող քաղաքական էլիտան 2,9 միլիարդ դոլարով գաղտնի հիմնադրամ ստեղծեց: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գաղտնի հիմնադրամից Ալիևը պարգևատրել է արտասահմանում գործող լրագրողներին և քաղաքական գործիչներին, ովքեր դրական են արտահայտվել իր ռեժիմի մասին և հերքել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը: 2012թ., երբ Հունգարիան ազատ արձակեց Սաֆարովին, ավելի քան 7 միլիոն դոլար փոխանցվեց հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հաշիվը կապ ուներ օֆշորային ընկերության հետ, որը սերտ կապեր է ունեցել ադրբեջանական կառավարության հետ: Գումարը Metastar Invest LLP անվամբ ընկերության կողմից փոխանցվել է Velasco International Inc-ի հետ կապ ունեցող հունգարական բանկային հաշվին: Կայքը նշում է, որ MKB Bank-ի առեղծվածային հաշվին 7 միլիոն դոլարի փոխանցումը համընկավ ադրբեջանա-հունգարական դիվանագիտական հարաբերությունների բարելավման հետ: 2014թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագիր կնքվեց: Ընդամենը 4 ամիս անց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիջարտոն հանդիպեց Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովի հետ: Վերջերս էլ՝ 2017թ. հուլիսին, Սիջարտոն հանդիպեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հաղորդվում է նաև, որ Velasco International Inc-ը սերտ կապեր է ունեցել Հունգարիայի և Ադրբեջանի հետ: Այն գրանցված է Վիրջինյան կղզիներում, և ընկերության հիմնական բաժնետերերից է Nothingham Holding Ltd օֆշորային ընկերությունը: Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի փոխվարչապետ Օրհան Էջուբովի որդին առանցքային դեր է ունեցել Velasco-ի բաժնեմասերի գնման համար Nothingham Holding Ltd-ի բաժնեմասերը ձեռք բերելու գործում: Սաֆարովի ազատ արձակումից հետո MKB բանկը դեռևս չէր վաճառվել Հունգարիային և պատկանում էր գերմանական գործարար շահերին: «Միլիոնավոր դոլարներով հունգարական բանկային առեղծվածային հաշվով պարուրված խարդախության ցանցը պղտոր է և խորը»,- նշում է Hungarian free press-ը:
10076 | 3
Facebook