Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լատվիան գրավել է «Աղդամը». Ադրբեջանում հիստերիա է». Գ. Համբարյան

11:20, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
«Լատվիան գրավել է «Աղդամը». Ադրբեջանում հիստերիա է». Գ. Համբարյան

Քանի օր է՝ ալիևյան ԶԼՄ-ներից մեկին հանգիստ չի տալիս «Աղդամ» պորտվեյնը: Սույն էժանագին թույլ ալկոհոլային խմիչքը ամենապոպուլյարն էր նախկին ԽՍՀՄ տարածքում: Երկար տարիներ էլ այդ պորտվեյնի մասին մոռացել էին Ադրբեջանում: Սակայն վերջերս եվրոպական երկրներից մեկում բնակվող մի ազերի խանութում տեսել էր «Agdams» ապրանքանիշով գինիներ, և դա պատճառ դարձավ, որ Բաքվում սկսեն հետաքննություն անցկացնել, թե ով է արտադրում այդ խմիչքը: Ի զարմանս ադրբեջանցիների՝ պարզվեց, որ «Agdams» ապրանքանիշը պատկանում է բրիտանացի միլիարդատեր Յուրի Շեֆլերի ղեկավարած S.P.I. Group հոլդինգին, ով բացի այդ գինուց արտադրում է նաև Խոհրդային Միությունում հայտնի լատվիական բալզամը: Լատվիացիները «Agdams»-ի արտադրությունը և արտահանումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ դեռ ԽՍՀՄ ժամանակներից «Աղդամ» պորտվեյնն արտադրվել է նաև Լատվիայի տարածքում, և ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գործարանը պահպանել է այդ ապրանքանիշով պորտվեյն արտադրելու իրավունքը, որը հիմա հայտնի Latvijas balzams ԲԸ-ն է:
     Սակայն Ադրբեջանում լատվիացիների կողմից «Աղդամ»-ի «գրավումն» այնքան ծանր են տարել, որ իրենց ալկոհոլային խմիչքներ արտադրողներին առաջարկել են Ադրբեջանի տարածքում արտադրել հայտնի «Riqa balzamı»-ն, իսկ համապատասխան կառույցներին էլ՝ բողոքել Ռիգայի դեմ: Իրենց շանտաժը ազերիները նաև ուղղել են Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսին, ով շատ տխրեցրել է Բաքվի մեծամիտներին: «Մի՛ անհանգստացեք: Ձեզ մոտ չի ստացվի արտադրել «Riqa balzamı»-ն, քանի որ արտադրողը դրա բաղադրությունը գաղտնի է պահում»,- ասել է Լատվիայի նախկին նախագահը: Զատլերսը նաև հասկացրել է ադրբեջանցիներին հեռու մնալ դատարաններից, քանի որ լատվիացի արտադրողների հետ պայքարում պարտվել են նույնիսկ ռուսները, որոնք չեն կարողացել Միջազգային արբիտրաժային դատարանում ապացուցել, «Cтоличная» և «Московская» օղիները ռուսական ապրանքանիշեր են կամ «Мишка косолапый» կոնֆետի սեփականատերը մոսկովյան հայտնի «Красный Октябрь» հրուշակեղենի գործարանն է: Այդ բոլոր ապրանքանիշներով ապրանքները շատ մեծ հաջողությամբ արտադրվում են լատվիացիների կողմից, որոնք ց մեծ մասը վաճառվում է Եվրամիության շուկայում և ԱՄՆ-ում:

Դե ինչ: 24 տարի առաջ ադրբեջանցիները կորցրեցին բոլշևիկների նվերը՝ Ակնա (Աղդամ) քաղաքը, որի անունով էլ կոչվում էր այդ էժան պորտվեյնը: Ակնան հիմա վերադարձել է իր նախկին տերերին: Իսկ հիմա էլ ազերիները կորցրեցին այդ քաղաքի անունը կրող պորտվեյնի նկատմամբ ունեցած մենաշնորհը: Հայերին հասավ քաղաքը, իսկ լատվիացիներին՝ ապրանքանիշը:
     Հ.Գ.ԽՍՀՄ-ում ամեն հանրապետություն իր «բրենդներով» էր ներկայանում: Օրինակ՝ նույն լատվիացիները Ռիգայի բալզամով, ուկրաինացիները՝ սալով կամ «Կիևյան տորթերով», վրացիները՝ գինիներով, հայերը՝ կոնյակով և այլն: Իսկ այ Ադրբեջանին հիշում են այդ էժանագին պորտվեյնով: Այդ պորտվեյնի ապրանքանիշի կորուստը ողբերգություն է Բաքվի համար, դրա համար էլ այսպիսի վայնասուն են դրել:
     Հայկական և այլ բնիկների խոհանոցների հետևից ընկնելով և փորձելով սեփականաշնորհել դրանք՝ Բաքվում հապաղեցին և կորցրեցին իրենց միակ հարստությունը՝ «Աղդամ» պորտվեյնը:

10479 | 0
Facebook