Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում. «ՀԺ»

09:45, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ:
     «Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասաց նա։
     Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաև ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանևրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաև կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, և հարցը կլուծվի` այդպես էլ որևէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:
     Նման մտահոգություն իսկապես կա, և դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵԱՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար:
     Եթե ՀՀ իշխանություններն այս գործընթացում մանևրելու, Հայաստանի շահը առաջ մղելու և օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը: Մինչդեռ Հայաստանում արդեն մեկ ամիս բարձր հնչող քննարկումը, թե մեր երկիրը պետք է լքի ԵՏՄ-ն, հուշում է, որ նույնիսկ այդ առաջարկությունն արվել է` շրջանցելով Հայաստանի տեսակետը: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումները Հայաստանի պատասխանն են դրան:
     Որ Հայաստանի համար գործընթացն այնքան էլ նպաստավոր չի սկսվել, վկայում է նաև պաշտոնական Երևանի արձագանքը թուրք նախարարի հայտարարությանը: «Նախ՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
     Թեև սահմանի թեման շոշափելը կարող է հույսեր առաջացնել, որ այդ հարցը, այնուամենայնիվ, կարող է տեղ գտնել օրակարգում: Լավատեսության հիմքերը, սակայն չափազանց մշուշոտ են»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4054 | 4
Facebook