Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեկ րոպե անգամ առանց իմ պաշտպանյալի չեմ մնա այստեղ». Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

12:40, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Մեկ րոպե անգամ առանց իմ պաշտպանյալի չեմ մնա այստեղ». Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությանը պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը դատարանում: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը կբավարարվի միայն այն դեպքում, եթե ամբաստանյալները կարողանան պահպանել էթիկայի տարրական կանոնները՝ հարգեն դատարանին, ոտքի կանգնեն, անհարկի արտահայտություններ չհնչեցնեն:
     Փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց. «Մեկ րոպե անգամ առանց իմ պաշտպանյալի չեմ մնա դատական նիստերի դահլիճում, քանի որ իմ պաշտպանյալից հանձնարարություն ունեմ առանց նրա ներկայության դատավարական գործընթացին չմասնակցել»:
     Նախագահող դատավորն արձագանքեց. «Դուք իրավունք չունեք կատարելու Ձեր պաշտպանյալի անօրինական հանձնարարությունները»:
     Արա Զաքարյանը լքեց նիստերի դահլիճը: Նույն պատճառաբանությամբ դատական դահլիճը լքեց նաև Ներսես Պողոսյանի պաշտպանը՝ Նինա Կարապետյանցը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու: Նշենք, որ դատական նիստերի դահլիճում մեկ ամբաստանյալ էր ներկա, քանի որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանին և Հրայր Թոփչյանը:
     Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

2803 | 0
Facebook