Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե տեղական ինքնակառավարման իսկական համակարգ ձևավորվի, ապա իշխանության վերարտադրությունը կտրուկ կդժվարանա». Սոս Գիմիշյան

17:35, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Եթե տեղական ինքնակառավարման իսկական համակարգ ձևավորվի, ապա իշխանության վերարտադրությունը կտրուկ կդժվարանա». Սոս Գիմիշյան

«Համայնքների խոշորացում» ծրագրի իրականացման ծախսերը տնտեսվելու են համայնքների մի քանի հազար վարչական աշխատողների գործազրկության հաշվին, իսկ թե ում է սա ձեռնտու, ինչ հետևանքներ կարող է ունենալ, մանրամասնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
     Ըստ Գիմիշյանի, ով նաև փորձագետ է այս հարցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տեղական ինքնակառավարումը հանրային իրավունքի կարևորագույն սուբյեկտ է, կարևորագույն կառավարման համակարգ, որից կախված է նաև պետության, փոքր-միջին բիզնեսի զարգացումը, քաղաքացու կենսաապահովման խնդիրների լուծումը: «Քանի որ 1990 թվականից մշտապես զբաղվում եմ տեղական ինքնակառավարման հարցերով, բացի այդ` ԱԺ-ում նույնպես 4 տարի շարունակ զբաղվել եմ այդ խնդիրներով, ուստի ես ինձ իրավունք եմ վերապահում վստահաբար ասելու, որ, ցավոք սրտի, վերջին 20 տարվա մեջ ո՛չ մեր հանրապաետության նախագահի աշխատակազմում, ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ կառավարությունում, տեղական ինքնակառավարման էությունը հասկացող, դրա դերն ու նշանակությունը` պետության կայացման, զարգացման, ժողովրդավարության ասածի հաստատման իմաստով գիտակցող մարդ չկա, հազիվ մեկ-երկու հոգի»,- ասաց նա:

Ս. Գիմիշյանի խոսքով այս 25 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ տարածքային կառավարման նախարարներ, որոնցից մեկը Խոսրով Հարությունյանն էր, որն էլ, թեև «քիչ թե շատ տեղական ինքնակառավարում գիտեր, սակայն իր գիտելիքներն օգտագործում էր որպեսզի այդ համակարգը չկայանա»: «Որովհետև տեղական ինքնակառավարման կայացման մեջ վտանգ կար. եթե իսկապես Սահմանադրության համաձայն իսկական տեղական ինքնակառավարման համակարգ ձևավորվի, ապա իշխանության վերարտադրությունը կտրուկ կդժվարանա: Այսինքն`այս դեպքում, համայնքն ինքնուրույն է, և ինչպես նախատեսված է սահմանադրությամբ, նրան հնարավոր չի լինում կառավարել իշխանության կողմից (քանի որ, ինչպես գիտենք, ընտրություններում մեծագույն կեղծիքները տեղի են ունենում համայնքերում` համայնքի ղեկավարների կողմից): Ուստի, եթե համայնքի ղեկավարն ինքնուրույն է, համայնքը կայացած է և գործում է սահմանադրության և օրենքին համապատասախան, ապա ընտրություններին թելադրել և պարտադրելը համայնքի ղեկավարին` կեղծիքների կազմակերպման հարցում, անհնարին է դառնում: Դրա համար կենտրոնական իշխանության նպատակը մեկն է` այնպես անել, որ չկայանա տեղական ինքնակառավարումը»:

Սոս Գիմիշյանը նշեց, որ այսօր համախմբված Հայաստանի բյուջեի ընդամենը 7 %-ն է ֆինանսավորում համայնքները և եթե դրանից հանում ենք Երևան քաղաքի, Գյումրիի և Վանաձորի բյուջեները, մյուս 900 համայնքին բաժին է հասնում ընդամենը 2 %, և եթե այդ 2 % է տրամադրվում համայնքներին, ակնհատ է, որ այդ համայնքները դանդաղ «մահանալու են»: «Գոյություն ունի միջազգայնորեն ընդունված նորմ` եթե 100 միավոր բյուջե ունի համախմբված երկիրը, ապա, առնվազն, 20 միավորը համայնքներին պետք է տրվի, հակառակ դեպքում այն չի կարող լիարժեք գործել»,- եզրափակեց բանախոսը:

3554 | 0
Facebook