Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հիմա կինոսրահները շատացել են, փաբեր են բացվել»․ ինչու «ՆՓԱԿ»-ում դադարեցին կինոդիտումները

16:20, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Հիմա կինոսրահները շատացել են, փաբեր են բացվել»․ ինչու «ՆՓԱԿ»-ում դադարեցին կինոդիտումները

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի և կինոգետ Զավեն Բոյաջյանի նախաձեռնությամբ` 2000-ին հիմնած «ՆՓԱԿ կինո-ակումբն» առաջինն էր Երևանում, որն սկսեց իրականացնել հանրային կինոդիտում: Ծրագրի նպատակն էր համախմբել կինոսիրողներին և ձևավորել կիրթ ու գրագետ լսարան:
     «ՆՓԱԿ կինո-ակումբ»-ն ամեն հինգշաբթի կինոսիրողներին հրավիրում էր կինոդիտման, ինչին հաջորդում էր հանրային քննարկում:
     Ինչո՞ւ դադարեց նախագիծն ու արդյո՞ք հնարավոր է վերսկսել այն, MAMUL.am-ի հետ զրույցում «ՆՓԱԿ»-ի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Գագիկ Ղազարեն նշեց, որ իրենք իրենց գործը համարում են ավարտված:
     «Այն տարիներին, երբ Երևան քաղաքում որևէ կինոթատրոն չկար, երբ դեռ կինոսրահներ չունեինք, «ՆՓԱԿ»-ը` Զավեն Բոյաջյանի աջակցությամբ ու նվիրված աշխատանքով, իր վրա էր վերցրել այդ բացը լրացնելու գաղափարը: Հիմա կինոսրահները շատացել են, փաբեր են բացվել, կինոյի դիտման հնարավորությունները մեծացել են, և տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ միշտ գտնում են այն անկյունները, որտեղ կտեսնեն իրենց նախընտրած ֆիլմերը»,- պարզաբանեց կինոռեժիսորը:
     «Այդ տեսանկյունից այսօր խնդիրը բաց է, ինչի համար շատ ուրախ ենք»,- հավելեց նա: Կինոռեժիսորն ասաց, որ Զավեն Բոյաջյանը հիմա ծանրաբեռնված է շատ կարևոր գործունեությամբ` թարգմանչական աշխատանքներով, իսկ ինչ վերաբերում է ծրագիրը վերսկսելուն, նշեց, որ ձևաչափը հասկանալու խնդիր կա. «Համենայնդեպս, այնպես, ինչպես մինչ օրս արել ենք, դա արդեն նվեր ենք տվել հանրությանը և երիտասարդները տարբեր վայրերում իրականացնում են: Հիմա նոր բան պետք է մտածել»:
     Կինոգետ Զավեն Բոյաջյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ նախագիծն ավելի շուտ ընդմիջում է վերցրել: Պատճառը հայ հանդիսատեսի պասիվությունն է.
     «Իմ անիմաստ ջանքերն ի վերջո ինձ հուսահատության հասցրեցին: Տասնյակ տարիներ էնտուզիազմով առաջ եմ շարժվել՝ մտածելով, որ գուցե ավելի ակտիվ հանդիսատեսի կհանդիպեմ»,- խոստովանեց կինոգետը: Նա ափսոսանքով նշեց, որ այս ամենից անմասն էին մնում կինոկրթությամբ զբաղվող ուսանողները, ինչը շատ զարմանալի է: «Ծրագրի նպատակն, ի վերջո, միայն կինոդիտումը չէր, այլ դրան հաջորդող քննարկումն ու հանդիսատեսի շփումը, կարծիքների փոխանակումը: Բայց մենք այդ կուլտուրան չունենք, ոչ թե անկիրթ ենք, այլ` ոչ մի տեղ դա չի սերմանվում, պրակտիկորեն չի կիրառվում, սովոր չենք: Մենք սեփական կարծիքը բարձրաձայն հայտնելու քաջություն չունենք, մենք չենք կարողանում քննարկել, հակադրվել, բայց չթշնամանալ: Մեր հանդիսատեսը նախընտրում է լռել, իսկ ես չեմ կարող գնալ` մենախոսել, գալ տուն: Հետաքրքիր չէ»,- անկեղծացավ Զավեն Բոյաջյանը:
     Այնուամենայնիվ, կինոգետն այս ընթացքում փորձում է ավելի ժամանակակից ձևեր գտնել, սակայն, ինչպես ինքն է ասում, «հայ հանդիսատեսին շատ դժվար է տեղաշարժել»:
     Անի Մնացականյան

6070 | 0
Facebook