Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արվեստագետները դեպրեսիայից դուրս են եկել, ավելի հետաքրքիր ու գունեղ ֆիլմեր են ստեղծում». Գագիկ Ղազարե

17:20, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Արվեստագետները դեպրեսիայից դուրս են եկել, ավելի հետաքրքիր ու գունեղ ֆիլմեր են ստեղծում». Գագիկ Ղազարե

««Մեկ կադր-մեկ րոպե» ֆիլմերի փառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 2-ից 8-ը: Մեր հիմնական անվանակարգերը պահպանվել են. «Մեկ կադր-մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», և «Կինո առանց սահմանի»: Նաև հատուկ ծրագրերով ֆիլմեր կցուցադրվեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Գագիկ Ղազարեն:
     Ռեժիսորը նշեց, որ փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ մոտ 80 մրցութային ֆիլմ կցուցադրվի: «Հայտագրվել են մոտ 400 ֆիլմ, որից ընտրվել են 80-ը: Աշխարհի` 25-ից ավելի տարբեր երկրներից ներկայացված ֆիլմեր ունենք: Ծրագիրն իսկապես դիտարժան է»: Կինոռեժիսորի դիտարկմամբ` նախորդ տարի փառատոնին հայտագրվել էին ավելի դեպրեսիվ ֆիլմեր. «Այս տարի կարծես արվեստագետները դեպրեսիայից դուրս են եկել, ավելի հետաքրքիր ու գունեղ ֆիլմեր կան: Կարճամետրաժ անվանակարգում այս տարի շատ ավելի լիբերալ ենք հայկական կինոյի հանդեպ: Եթե նախորդ տարիներին 4-5 ֆիլմ էինք վերցնում այդ անվանակարգում, այս տարի մոտ 15 ֆիլմ կցուցադրենք` փորձելով հավելյալ ներդրում ունենալ հայկական կարճամետրաժ կինոյի զարգացման գործում»,- նշեց ռեժիսորն, ում խոսքով` փառատոնը հրաշալի հնարավորություն է երիտասարդ արվեստագետներին` ներկայանալ հանրությանը, ֆիլմերը ցուցադրելու ու թրծվելու փառատոնային միջավայրում:
     Գագիկ Ղազարեն նաև նշեց, որ փառատոնը պահպանել է ամենակարևորը` քննարկումների ավանդույթը: «Բոլոր օրերին` բացի բացման ու փակման արարողությունից, ֆիլմերի ցուցադրությունից հետո կլինեն քննարկումներ: Մենք հնարավորինս շահագրգռում ենք, որ քննարկումները բաց լինեն, երբեմն միտումնավոր պրովոկացիաներ ենք անում, որպեսզի կրքեր բացվեն` ավելի տաք քննարկում ունենալու համար: Ընդհանուր առմամբ այդ մշակույթը կարծես թե կայուն զարգացման դինամիկայի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը:
     Ամփոփելով՝ Գագիկ Ղազարեն ընդգծեց, որ փառատոնի դռները բաց են բոլորի առաջ, տոմսեր չեն վաճառվում, իսկ ծրագիրը խիտ է ու դիտարժան: «Եթե երիտասարդը ցանկություն ունի կինոկենսագրությունը զարգացնելու փաստավավերագրության մեջ, հրաշալի առիթ ունի գալու և տեսնելու Տիգրան Պասկևիչյանի` Արա Շիրինյանի հետ արված ֆիլմերը, որոնք հատուկ ծրագրերով կցուցադրվեն»,- եզրափակեց նա:

3373 | 0
Facebook