Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում իշխում է սարսափի, ստորացումների մթնոլորտ, Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը դպրոցը վերածել է համակենտրոնացման ճամբարի». ծնողները բաց նամակ են հղել վարչապետին

15:00, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում իշխում է սարսափի, ստորացումների մթնոլորտ, Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը դպրոցը վերածել է համակենտրոնացման ճամբարի». ծնողները բաց նամակ են հղել վարչապետին
     Բաց նամակ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին‚ Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներից.
     «Հարգելի՛ պարոն վարչապետ‚ հաշվի առնելով Ձեր արդարացի մոտեցումը ՀՀ կրթության ոլորտին, այսօր մեր խոսքն ու խնդրանքը ուղղում ենք Ձեզ:
     Մենք Մ. Մելքոնյանի անվան N11 դպրոցի ծնողներ ենք, հասկանալի պատճառով չենք ցանկանում ներկայանալ:
     Արդյոք Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում: Այնտեղ իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ: Ոչ մի ուսուցչի չի լինում մոտենալ, ինչ-որ հարց տալ, բոլորը վախեցած այս ու այն կողմ են վազում: Եվ այդ ուսուցի՞չը պետք է կրթի 21-րդ դարի աշակերտ:
     Բազմիցս դիմել ենք թաղապետարան և քաղաքապետարան՝ բայց ձայն բարբառո հանապատի…
     Ռ. Ազիզյանը պարտադրում է կրել դպրոցական համազգեստներ, որի արժեքն է 5000-10000, դրանք աշակերտները կրում են զզվանքով, քանի որ անորակ են և 4 համար մեծ: Իրականում դրանց արժեքը չի գերազանցում 2000 դրամը: 9-րդ դասարանցիները, որոնք արդեն ավարտել են դպրոցը, դպրոցին են թողել իրենց գնած համազգեստը, իսկ Ռ. Ազիզյանն այդ համազգեստները նորից վերավաճառում է մեր երեխաների վրա:
     Արդեն 8 ամիս է աշակերտներից, մեկ օրվա ընթացքում, կայծակնային արագությամբ, ստիպողաբար հավաքվել է 7000 դրամ, իսկ 1-ին դասարանցիներից՝ 5000 դրամ, որն իբր թե վինետկաների գումար է, իսկ միթե՞ դպրոցական վինետկաները այդքան թանկ կարող են արժենալ:
     Դեռ անցած տարվանից 5-9 դասարանցիներից պարտադրաբար հավաքվել է 3000 դրամ՝ իբր բակում ծաղկանոցներ կառուցելու համար: Իսկ ծաղկանոցները դեռ չկան ու հարց է՝ դրանք երբևիցէ լինելու են, թե ոչ:
     Ծանոթներիցս մեկի որդին ավարտել է այս նույն դպրոցը և պատմում է, որ մեր «հարգարժան» տիկին Ռ. Ազիզյանը հրամայել է անբավարար նշանակել 11 աշակերտի և ի դեպ «2» նշանակվել են մատիտով, որից հետո, ծնողներից պահանջելով կլորիկ գումար, նշանակել է քննությունները:
     Գիտեմ նաև, որ Ռ. Ազիզյանը վկայական (ատեստատ) է տվել դպրոց չհաճախող աշակերտի:
     Ամենասարսափելին այն է, որ տնօրենն ուսուցչի վրա է վաճառում իր հագած, օգտագործած շորերը: Շորերի արժեքը սկսում է 40.000-ից, իսկ այն ուսուցիչը որը համարձակվում է մերժել գնել հագուստը ենթարկվում է երկարատև հալածանքների և վիրավորանքների:
     Ոչ մի ուսուցչ չի թույլատրվում անգամ 1 րոպեով դուրս գալ դպրոցի դռներից դուրս (անձնական և ոչ անձնական հարցերով): Ռադիոհանգույցով բազմիցս ստորացնում է ուսուցիչներին, աշակերտներին հրահանգում է հետևել ուսուցիչներին, խոսում են նրանք արդյոք հեռախոսով, թե ոչ, իսկ եթե նկատեն, որ ուսուցիչը օգտվում է հեռախոսից անմիջապես հայտնեն այդ մասին տնօրինությանը: Աշակերտների մոտ վիրավորում է ուսուցիչներին, ռադիոհանգույցով ի լուր աշակերտներին հայտարարում է, որ այստեղ ուսուցիչ չկա, բոլորը ձրի փող ստացողներ են, սպառնում է այլևս չվճարել ուսուցիչների աշխատավարձը: Տպավորությունն այնպիսին է, որ սա իր սեփական դպրոցն է և վճարում է սեփական գրպանից:
     Տեսախցիկներ են տեղադրված ամենուրեք (չնայած, որ ինքն ունի իր լրտեսները, որոնք հետում են, թե ով ում բարևեց, ում հետ նստեց բուֆետում, ուր գնաց և ինչ շնչեց): Կարծես 11 դպրոցը լինի Ռ. Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը:
     Ամբողջ դպրոցը ողողված է նորանշանակ դասղեկներով, ամեն տարի նույն դասարանը դասավանդում է մեկ այլ դասղեկ և գիտե՞ք թե ինչու, որովհետև նորանշանակ դասղեկները դասղեկության համար տնօրենին են վճարում 80.000 դրամ: Ռ. Ազիզյանը ամիսը մեկ նշանակում է մեթոդ-միավորման նախագահներ՝ մեկը մեկից «խելացի» փոխտնօրեններ:
     Ի դեպ, եթե նրան մոտենում ես որևիցե խնդրանքով կամ հարցով, նա հայտարարում է, որ ինքը ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանի համակուրսեցին է և նրան ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ:
     Ուսուցիչներին պարբերաբար պարտադրում է ստորագրել դատարկ թղթերի տակ, որի վրա հետո հավաքում է ցանկացած տեքստ:
     Ոչ մի անգամ և ոչ մի ուսուցչի անաշխատունակության թերթիկի ներկայացնելու դեպքում (հիվանդության համար) չի վճարում նրանց հասանելիք գումարը, քանի որ տնօրենի հաշվապահը իր փեսան է, որը երբեք չի լինում դպրոցում, սակայն միշտ արժանանում է ոգեշնչող պարգևավճարների:
     11 դպրոցում կան արտոնյալ ուսուցիչներ, որոնք երևի աչքի են ընկնում իրենց լրտեսությամբ, բայց ոչ աշխատանքով, որոնք տարին տասներկու ամիս պարգևատրվում են «լավ» լուրեր հայտնելու համար: Դպրոցում տիրում է մենիշխանություն, ուզում է՝ դասարան է բացում, ուզում է՝ փակում է:
     Աշակերտներ կան, որոնք չեն գալիս դպրոց‚ սակայն արգելվում է նշանակել նրանց բացակաները, քանի որ վերջում նրանք էլ պիտի մնացածի նման ավարտեն դպրոցը կլորիկ գումարի դիմաց:
     Իսկ վերջում, եթե խոսքը գնում է կրթօջախի մասին, ասեմ այդ դպրոցում կրթութունը չունի որակ: Ուստի խնդրում ենք Ձեզ օգնել մեզ և այսուհետ տնօրեն նշանակել այնպիսի գիտակ և խելացի մարդու, ով կկարևորի գիտելիքն, ում համար բացարձակ արժեքը կլինի ուսումը և ոչ թե փողը: Փողը այս տնօրենի կուռքն է: Եթե քաղաքապետարանը, որտեղի աշխատողները Ռ. Ազիզյանի հարազատներն ու ծանոթներն են, չի կարողանում լուծել այս հարցը, գուցե այս դպրոցն անցնի նախարարության ենթակայության տա՞կ:
     Ուստի խնդրում ենք մեծարգո Կ. Կարապետյան‚ մի՛ անտեսեք այս չարիքը, չէ որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք այդ դպրոցից ոչինչ չեն կարող սովորել, իրենց հետագա ապրելիք տարիների համար:
     Եղեք մեր՝ ծնողներիս‚ և ինչու չէ՝ ուսուցիչների կողքին, մենք ունենք այսօր Ձեր աջակցության կարիքը:
     Կանխավ շնորակալություն»:
     Մ. Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներ
14364 | 0
Facebook