Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

10:35, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Այսօր Թուրքիայում անց է կացվում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրահանգով կազմված սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Քվեարկելու իրավունք ունի 55 մլն 319 հազար քաղաքացի։ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների 7-րդ հանրաքվեն է իրականացվում։

Քվեարկության է դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականներն են․ պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է չճանաչել ընտրություններն ու նորը նշանակել։

Էրդողանի թիմը համոզված է, որ «այո»-ն հաղթանակ է տանելու, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների ղեկավարները վստահ են, թե «ոչ»-ն է հաղթելու։

Թուրքական ընդդիմությունը և միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։

7636 | 0
Facebook