Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Միքայել Մինասյանի բաց նամակն՝ ուղղված Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին

12:40, հինգշաբթի, 06 ապրիլի, 2017 թ.
Միքայել Մինասյանի բաց նամակն՝ ուղղված Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին
     Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը «ֆեյսբուքի» իր էջում բաց նամակ է ուղղել Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է.
     «Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,
     Հարգելի պարո՛ն Փաշինյան,
     Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։
     Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։
     Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
     Կանխավ շնորհակալ եմ»:
     Հիշեցնենք՝ երեկ Արմեն Մարտիրոսյանը «Երկիր մեդիայի» ուղիղ եթերում հայտարարել է, որ իշխանությունները Վարդենիսում և Էջմիածինում զինվորներ են բերել, որպեսզի նրանք քվեարկեն «ԵԼՔ»-ի օգտին: Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ ասելով, որ Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:
9824 | 2
Facebook