Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածի կինը հերքում է, որ ՀՀԿ-ն իրենց խոստումներ է տվել

18:25, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածի կինը հերքում է, որ ՀՀԿ-ն իրենց խոստումներ է տվել

«Սարի թաղի հուլիսյան դեպքերով կալանավորված 10 անձանցից մեկի` Էդուարդ Զեյթունյանի կինն եմ և հերքում եմ բոլոր այն տեղեկությունները, թե ՀՀԿ-ն իմ ընտանիքին խոստացել է, որ հօգուտ իրեն քվեարկելու դեպքում ամուսնուս ազատ կարձակեն: Այդպիսի բան չկա, մեզ նման առաջարկ չի եղել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
     Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ն խոստումներ է տվել Սարի թաղի գործով կալանավորված 10 բանտարկյալներին, թե եթե նրանց ընտանիքները քվեներ բերեն ՀՀԿ-ի օգտին, ազատ կարձակեն:
     Հարցին` խորհրդարանական ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեն, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի ակնկալիք չունեմ, քանի որ ոնց եղել է, նույնն էլ մնալու է, չեմ կարծում, որ Սարի թաղի կալանավորված բնակիչների գործում ընտրություններից հետո որևէ փոփոխություն լինի: Գոնե մի լավություն անեին, տղաներին ազատեին. մեզ համար շատ դժվար է դարձել ապրելը, հազիվ ենք գոյատևում, քանի որ մեր հաց վաստակողները, մեզ կերակրողներն անիրավի բանտարկված են»:
     Հիշեցնենք, որ 8 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

3851 | 1
Facebook