Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նսեմացուցիչ սկանդալ՝ ռուսական հոկեյում

21:55, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Նսեմացուցիչ սկանդալ՝ ռուսական հոկեյում

Գնդակով հոկեյի՝ բենդիի Ռուսաստանի Սուպերլիգայի առաջնության շրջանակներում երեկ կայացել է ռուսական սպորտի հերթական սկանդալային հանդիպումը։ Արխանգելսկի «Վոդնիկ»-ի և Իրկուտսկի «Բայկալ Էներգիա»-ի միջև հանդիպման ընթացքում արձանագրվել է 20 ինքնագոլ։ Հանդիպման առաջին խաղակեսում պայքար չի ծավալվել, թիմերը չեն ցանկացել պայքարել և հաղթել։ Հանդիսատեսն, իր հերթին, լքել է տրիբունաները՝ չցանկանալով ականատես լինել թիմերի խայտառակ խաղին։ Աբսուրդն սկսվել է երկրորդ խաղակեսում։ Հանդիպման 68-րդից 75-րդ րոպեներին «Վոդնիկ»-ի հարձակվող Օլեգ Պիվովարովը հեթ-տրիկ է հեղինակել՝ սեփական դարպասը։ «Վոդնիկ»-ը չի ցանկացել հաղթել, որպեսզի մրցաշարային աղյուսակում չգրավի 5-րդ տեղը, որի դեպքում ¼ եզրափակչում ստիպված կլիներ մրցել Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ի դեմ՝ վերջին երեք տարիների Ռուսաստանի չեմպիոնի։ Տեսնելով դա՝ «Բայկալ Էներգիա»-ի գլխավոր մարզիչ Եվգենի Երախտինը թայմ-աութ է վերցրել, ինչից հետո նրա սաները 9 գնդակ են խփել սեփական դարպասը։ Երախտինն անհանգստացել է, որ իր թիմը կհաղթի 12 գնդակի տարբերությամբ՝ դուրս գալով երկրորդ փուլի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական և կիսաեզրափակչում «Ենիսեյ»-ի հետ պոտենցիալ հանդիպման հնարավորությամբ։ Խփած 9 գնդակից հետո «Բայկալ Էներգիա»-ն կանգ է առել, քանի որ գնդակների ավելի լավ տարբերության դեպքում դուրս կգար մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական, ինչը ձեռնտու չի եղել թիմին։ «Վոդնիկ»-ը, շտկելով իրավիճակը, ևս 8 գնդակ է ուղարկել սեփական դարպասը։ Զարմանալի պատահականությամբ հանդիպման բոլոր 11 ինքնագոլերի հեղինակ է դարձել Օլեգ Պիվովարովը։ Հանդիպումն ավարտվել է երկու թիմերին ձեռնտու 11։9 հաշվով՝ հօգուտ «Վոդնիկ»-ի։

Հետխաղյա մամուլի ասուլիսին Երախտինն իրողությունը «կրկես» է անվանել՝ նշելով, որ ամեն ինչ սկսել են մրցակցի խաղացողները։ «Վոդնիկ»-ի գլխավոր մարզիչ Իգոր Գապանովիչն ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանություններից։

Նշենք, որ ավելի ուշ Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չեղյալ է հայտարարել հանդիպման արդյունքը։ Այն վերախաղարկվելու է մարտի 3-ին՝ չեզոք դաշտում։

«Վոդնիկ» - «Բայկալ Էներգիա»՝ 11։9
4098 | 0
Facebook