Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան հանդես է եկել Սիրիայում սահմանափակ քանակությամբ ամերիկյան զորքեր տեղակայելու առաջարկով՝ անվտանգության տեղի ուժերին աջակցելու համար:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Երկու օր առաջ Թուրքիա է այցելել ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Մենք ամերիկյան կողմին առաջարկել ենք Սիրիա հատուկ նշանակության զորքեր ուղարկել տեղի չափավոր ուժերի աջակցության համար»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն ուշադրությունն ուղղել է նրա վրա, որ 2016 թվականի օգոստոսի 24-ից Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիական ազատ բանակի» «Եփրատի վահան» գործողությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես «համագործակցության գաղափար տեղի խմբավորումների և Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի միջև, որոնք սիրիական ուժերին լուրջ աջակցություն են տրամադրում ցամաքում»:
«Շուտով կգրավվի Էլ-Բաբը, և դրանից հետո մենք կարող ենք նաև համատեղ ուժերով վերցնել Ռաքքան: Ռաքքան կարելի է գրոհել կոալիցիայում մեր դաշնակիցների հետ՝ ԱՄՆ-ի հետ: Մենք նրանց համար բացել ենք մեր Ինջիրլիք ավիաբազան»,- ասել է նա: