ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
Պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է: Պետական պարտքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այս առումով, հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպես է փոփոխվել ՀՀ պետական պարտքը 2016թ. ընթացքում: Ինչպես երևում է գծապատկերից, ՀՀ արտաքին պարտքը վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով: Այս առումով, հաճախ շրջանառվում է այն տեսակետը, որ ՀՀ արտաքին պարտքը վտանգավոր չէ, քանզի այն ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է թույլատրելի 60%-ի շրջանակներում: Այսուամենայնիվ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ արտաքին պարտքի վտանգավորությունը գնահատելու կարևորագույն ցուցանիշը պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունն է, քանզի պետական պարտքը սպասարկելու համար արտարժութային միջոցներ հնարավոր է ստանալ արտահանման ճանապարհով: Իսկ այդ ցուցանիշով ՀՀ արտաքին պարտքը վաղուց գերազանցել է կայունության շեմը. 2016թ. ՀՀ արտաքին պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունը կազմել է 295%` թույլատրելի 200%-ի համեմատությամբ: ՀՀ արտաքին պարտքի ծավալային մեծացմանը զուգահեռ «թանկացել» է նաև դրա սպասարկումը. եթե 2015թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կազմում էր 4.5%, ապա 2016թ. ավարտին այն կազմել է 4.9%: Հավելենք, որ եթե 2016թ. պետական պարտքի սպասարկման մասնաբաժինը պետական բյուջեում կազմում էր 7.2%, ապա 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 8.8%: ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում միջազգային կազմակերպություններից ստացված վարկերը կազմում են շուրջ 84%: 2016թ. ավարտին ՀՀ խոշորագույն վարկատու է հանդիսացել Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA), որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 32.6%-ը: ՀՀ խոշորագույն վարկատուներից են նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (17.7%), Ասիական զարգացման բանկը (14.9%), ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (3.8 %): 2016թ. ընթացքում ՀՀ արտաքին պարտքը ավելացել է մոտ կես միլիարդ դոլարով: Ստորև ներկայացված են 2016թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատված ամենախոշոր վարկային ծրագրերը. Նախորդ տարում 115 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ՝ Վեդու ջրամբարի կառուցման և Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:
Անդրանիկ Մանուկյան, |