Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

11:50, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Լոքյանը ցանկանում էր հայտնել նոր մարզպետի անունը, սակայն նրան միջամտեց աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ այս որոշումը պետք է ուղարկվի ՀՀ նախագահին և նոր միայն նիստի վերջում խոսվի նոր նշանակման մասին: Ի պատասխան վարչապետը նշեց. «Շտապում եք, պարոն Լոքյան»:
     Կառավարության նիստի վերջում վարչապետը շնորհավորեց նիստին ներկա նորանշանակ մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վահե Հակոբյանին` հույս հայտնելով, որ նա կկառավարի արդյունավետ և կբերի նոր մշակույթ տարածքային կառավարման ոլորտում:
    
     Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին, երբ ՀՀԿ-ն պետք է հայտարարեր Կարեն Կարապետյանին սատարելու մասին, Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ես որ չեմ փոխվելու, մնացածը` չգիտեմ. ես մնալու եմ»:
    
     ***
     Վահե Հակոբյանը ծնվել է 1971թ. Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան N71 դպրոցում: 1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ: 1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա զբաղվել ձեռներեցությամբ, որից հետո աշխատել ՀՀ գլխավոր դատախազությունում: 2010-2014թթ. աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում: 2010-2011թթ. աշխատել է նաև «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է: 2014-ի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, 2016թ. օգոստոսի 25-ից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալը: Անկուսակցական է:
     Վահե Հակոբյանը միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահը:

9147 | 12
Facebook