Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լույս է տեսել Սևակ Մելիքյանի «ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները 1991-2000 թթ.» գիտական աշխատության անգլերեն տարբերակը

11:15, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
Լույս է տեսել Սևակ Մելիքյանի «ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները 1991-2000 թթ.» գիտական աշխատության անգլերեն տարբերակը
     Օրերս լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Սևակ Մելիքյանի «Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները 1991-2000 թթ.» գիտական աշխատանքի անգլերեն` "THE US-ARMENIAN RELATIONS FROM 1991 to 2000" տարբերակը: Գիրքը հեղինակի երկրորդ մենագրությունն է, որը նախատեսված է անգլալեզու լսարանի համար: Գրքի առաջին` հայերեն տարբերակը լույս է տեսել 2008 թ. և վերատպվել է 2010-ին: Գրքի խմբագիրներն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պ.գ.դ. Արման Կիրակոսյանը և Համլետ Մելիքյանը (հեղինակի հայրը): Թարգմանությունը կատարել է լեզվաբանական գիտությունների թեկնածու Գոհար Մադոյանը:
     «Աշխատանքում գիտականորեն լուսաբանվում և վերլուծվում է 1991-2000թթ. հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքն, այդ թվում` վերոնշյալ ժամանակահատվածի հայ-ամերիկյան քաղաքական, տետեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունները, վերլուծության է ենթարկվում արցախյան հակամարտության շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ-ում: Հարցեր, որոնք այսօր, աշխարհաքաղաքական նման իրողությունների համատեքստում առավել քան արդիական են»,- մեզ հետ զրույցում պատմեց Սևակ Մելիքյանը:

Հեղինակի խոսքով` գիրքն ատենախոսությունից հետո բավական փոփոխությունների է ենթարկվել ու դարձել առավել հանրամատչելի: «Դա կարևոր հանգամանք է, քանզի չափազանց գիտականացված գրականությունը վանում է ընթերցողին, ինչը խանգարում է գրքերի առավել մասսայականացմանը: Ի վերջո գիտությունը պետք է ստանա կիրառական նշանակություն ցանկացած մարդու համար: Այս դեպքում, պատմական, իրադարձային, դիվանագիտական, քաղաքագիտական արդիական թեմաների գիտական ուսումնասիրությունը և հանրությանը ներկայացնելը պետք է լինեն համահունչ: Եթե գիրքն ընթերցողին ծանրաբեռնում է միայն գիտական ծանր տերմինաբանությամբ, ապա դա հանգեցնում է գրքի մեկուսացման»,- նշում է հեղինակը:
     Գրքի վերաբերյալ իր դիտարկումներում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանը նշում է. «Կատարվել է կարևոր մի աշխատանք, որը կարելի է համարել 1991-2000թթ. ընթացքում տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրման առաջին փորձերից մեկը: Այն կարող է օգտակար լինել դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքագետների և ուսանողների համար»:
     Այն հարցին, թե ո՞րն էր գրքի անգլերեն տարբերակը լույս ընծայելու շարժառիթը, հեղինակը պատասխանեց. «Մեր երկիրը մեկուսացած է աշխարհից և´ քաղաքական, և´ գիտական տեսանկյունից: Բարձրագոչ հայտարարություններն այն մասին, թե մենք «բաց, դեմոկրատ, աշխարհին հասանելի երկիր ենք» ուղղակի ծիծաղելի է: Եվրոպացի, ամերիկացի գիտնականները, ուսանողները, որոնց ճանաչում եմ, մշտապես դժգոհում են, որ Հայաստանի վերաբերյալ անգլերեն, ֆրանսերեն գրականություն աշխարհի գրադարաններում և համացանցում գրեթե չկա: Մի անգամ Քալիֆորնիայի համալսարանից ինձ մոտ գործուղվեց ամերիկացի մի ուսանող, ում ուսումնասիրության թեման հայ-ամերիկյան հարաբերություններն էին: Նա Հայաստանի մասին անգլերենով նյութեր հայթայթելու լուրջ դժվարությունների հանդիպեց և, ի վերջո, փոխեց ուսումնասիրության թեման: Հայաստանն ուղղակի կաղում է այդ հարցում: Հայաստանի վերաբերյալ անգլերենով գրականություն գրեթե չկա»,- համոզված է հեղինակը: Նրա խոսքով, երբ հայերեն տարբերակով գիրքն ուղարկվեց Քալիֆորնիա, Կոնգրեսի գրադարանից անմիջապես հետաքրքրվեցին գրքի անգլերեն տարբերակի մասին:

Հեղինակից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցներով է լույս ընծայվել գիրքը, և արդյոք դա հասանելի է այլ գիտնականների: Ըստ հեղինակի` նման գրքի լույս ընծայումը չափազանց թանկ հաճույք է և ժամանակատար: «Ես շուրջ 4 տարի եմ հատկացրել այս աշխատանքին և մի քանի հազար ԱՄՆ դոլար եմ ծախսել: Պետական որևէ կառույցից աջակցություն չի եղել: Պարզ է, որ Հայաստանում ապրող և գիտությամբ զբաղվող գիտնականներից շատ քչերին է դա հասանելի»: Հեղինակը նշեց նաև, որ ինչպես և բոլոր դեպքերում, պատկան մարմիններն ամեն ինչ մոգոնում են աջակցությունից խուսափելու համար. «Պատկան մարմինները միայն խոսում են, գիտնականը` գործում»:
     «Գլխավորն այն է, որ աշխարհի ամենահասանելի լեզվով` անգլերենով, Հայոց նորագույն շրջանի պատմությունն ու ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններն ինչ-որ ձևով ներկայացվի աշխարհին: Իմ կարծիքով, յուրաքանչյուր գիտնականի գլխավոր նպատակն իր աշխատանքը բոլորին հասանելի դարձնելն է: Ուրախ եմ, որ իմ բախտը բերեց և ես կարողացա անել դա»:
    
Հեղինակն ավելացրեց, որ գրքի օրինակներ է ուղարկելու աշխարհի առաջատար համալսարանների գրադարաններին, ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանին, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի գրադարանի: Նա հավելեց, որ գիրքն արդեն հասանելի է նաև աշխարհի առաջատար հարթակներում` Amazon, eBay, Facebook և այլուր: Նրա խոսքով` սա գիտական տեսանկյունից քայլ է աշխարհ դուրս գալու համար:

«Մենք կաղապարված ենք մեր փոքր երկրում, և ժամանակն է, որ քայլեր ձեռնարկենք և աշխարհ դուրս գանք: Եթե պետությունը ոչինչ չի անում, ապա գիտությամբ զբաղվողի պարտքն է ինչ-որ կերպ, թեկուզ և մեծ դժվարություններով, անել դա: Այսօր տեխնոլոգիաներն ու ամենահասանելիությունը նման հնարավորություն ընձեռում են»,- համոզված է Սևակ Մելիքյանը:

Աղյուսակներ 1, 2
Աղյուսակներ 1, 2
Աղյուսակներ 3, 4
Աղյուսակներ 3, 4
Աղյուսակներ 5, 6
Աղյուսակներ 5, 6
Աղյուսակներ 7, 8
Աղյուսակներ 7, 8
Աղյուսակներ 9, 10
Աղյուսակներ 9, 10
Աղյուսակներ 11, 12
Աղյուսակներ 11, 12
16861 | 0
Facebook