Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կյանքը շարունակվում է. սթրեսին տրվել չի կարելի». Էլֆիք Զոհրաբյան

19:28, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
«Կյանքը շարունակվում է. սթրեսին տրվել չի կարելի». Էլֆիք Զոհրաբյան

Հարցազրույց դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանի հետ:
    
    
     - Ե՞րբ առաջին անգամ նկատվեց Ձեր դերասանական և գրական տաղանդը:

- 10-12 տարեկան էի, երբ մեր բակում կազմակերպում էի ներկայացումներ, իսկ, եթե չեմ սխալվում, 14 տարեկանում, դիտելով Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը, երկու դերասանուհիների խաղի ազդեցությամբ գրեցի առաջին պիեսս: Այդ տարիքում նաև հեքիաթներ էի գրում: Իսկ առաջին կուրսից սկսած՝ իմ «Հնչյունաբանություն» առարկայի դիտողունակ դասախոս, շատ սիրելի Մարինա Խառատյանի խնդրանքով, իմ համակուրսեցիների առջև ընթերցում էի հեքիաթներս, որոնք շատ ոգևորիչ արձագանքի էին արժանանում: Դեռ պատանեկան շրջանից, այսպես ասած, ուշադրության կենտրոնում էի: Իսկ ստուդիական դիպլոմային առաջին դերս ճակատագրական եղավ, և ինձ ընդունեցին թատրոն, իսկ ներկայացումն էլ մտավ խաղացանկ:

- Դրամատուրգ, դերասան, արձակագիր, թարգմանիչ և գիտնական՝ ո՞րն է առաջնայինը Ձեզ համար:

– Եթե ասեն ո՞ր զավակիդ ես սիրում, ծնողը կասի՝ բոլոր: Ես նույնպես: Կարևորը՝ զբաղվում եմ իմ ամենասիրելի մասնագիտություններով:

-15 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում եք: Այս տարիների ընթացքում ո՞ր կերտած կերպարն է եղել Ձեզ համար շրջադարձային:

– Տաղանդավոր բեմադրիչ ունեինք՝ Միքայել Կոտոյան: Նա առաջարկեց երկու դեր. «Ռոմեո և Ջուլիետում» կամ Ռոմեոյի կամ Տիբալտի դերը: Ռոմեոյից հրաժարվեցի, քանի որ զբաղվելու էի նաև գիտությամբ, իսկ այդ դերը ստանձնելու համար շատ ավելի մեծ ժամանակ էր հարկավոր: Տիբալտը եղավ ճակատագրական. իմ խաղացած դրական շնչի կերպարների կողքին հայտնվեց էությանս հակառակ մի դեր. և՛ ինձ համար էր անսպասելի, և՛ ինձ ճանաչող հանդիսատեսի: Իսկ փակագծում էլ նշեմ, որ մեր թատրոնի գեղարվեստական խորհուրդն ինձ այդ տարիքում ներառեց «բարձր կարգի» դերասանների ցանկում, որտեղ բոլորը վաստակաշատ ու ավելի փորձառու էին: Մեծ խրախուսանք էր: Շատ էի ոգևորվել, իսկ հիմա սովորական է դարձել: Եվ «Կոշկավոր կատու» հայտնի հեքիաթում Կատվիս դերն էլ Ձեր ասած շրջադարձային էր բազմաթիվ առումներով...

- Ձեր պատվածքների ու սատիրաների առաջին գիրքը՝ «Հոգեվիճակ 13-ը», արժանացավ ոչ միայն մրցանակի, այլ նաև լայն արձագանք գտավ ընթերցասեր հասարակության շրջանում: Ի՞նչ նոր անակնկալ է սպասում Ձեր ընթերցողներին:

– Այս անգամ անակնկալ կլինի իմ 7-104 տարեկան ընթերցողների համար. եթե Աստված կամենա, 2017-ին լույս կտեսնի հեքիաթներիս ժողովածուն:

- Դուք թարգմանել եք մի շարք գրողների՝ Վ.Սարոյանի, Ս. Բեքեթի, Օ.Ուայլդի, հույն անվանի գրող Լիա Կարավիայի և մի շարք այլ գրողների երկեր: Նրանցից որևէ մեկը հանդիսացե՞լ է ներշնչման աղբյուր Ձեր կյանքում:

– Պատանեկան շրջանում ինձ վրա մեծ ազդեցություն է թողել խոսքի մոգ Օսկար Ուայլդը: Երևի այդ գեղագետի «պատճառով» է, որ չեմ սիրում գռեհկաբանությունը՝ հետ մնալով դարի տաբույաքանդ հանճարներից: Թեպետ եթե որևէ կերպար գռեհիկ պետք է լինի, այդպես պետք է ներկայացնի գրողը...

- Ըստ Ձեզ՝ մշակույթն այսօր ինչի՞ կարիք ունի:

– Թերևս մեծ անհատականությունների, ինչպես նաև աշխարհին մեր մշակույթն ու արվեստը լիարժեք ներկայացնելու կարիք կա:

- 2011-ին «թատերարվեստին մատուցած ծառայությունների համար» Դուք արժանացել եք Հայաստանի թատերական գործիչների միավորման բարձր պարգևին` ոսկե մեդալի: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Ձեր կյանքում:

– 14 օր ոգևորիչ էր ու անակնկալ, իսկ հետո դարձավ սովորական, քանի որ մեդալ ու կոչում ստանալն այսօր դարձել է հումանիտար օգնության պես բան, իսկ հանդիսատեսը կամ ընթերցողը չի մտածում՝ եթե այսինչ դերասանը կամ գրողը մեդալ կամ մրցանակ չունի, ուրեմն չարժե հետևել նրա արվեստին: Բոլոր արժանավորները չէ, որ գնահատված են, և բոլոր անարժանները չէ, որ չունեն մեդալ կամ կոչում:

- Եվ վերջում. ի՞նչ կմաղթեք մեր սկսնակ դերասաններին ու գրողներին:

– Բավական դժվարությամբ տրամադրվեցի այս օրերին տրվող հարցազրույցներին..., բայց կյանքը շարունակվում է, սթրեսին տրվել չի կարելի: Քնած մարդ կացնահարողին հերոսացնող մեր խաշնարած դրկիցների անսեռ պատերազմը, մեր զինվորականների աննկուն ոգին, մեզ բարեկամ ձևացողների երկերեսանությունը և, իհարկե, մեր ազգի աննկարագրելի միաբանությունն ինչ-որ մեծ բան փոխեց բոլորիս մեջ... Կրկին համոզվեցի՝ պատերազմն իմաստազրկում է մարդկային գոյությունը և, որ արվեստագետն իրավունք չունի հուսալքվելու: Իրենց ուղին նոր սկսող բոլոր արվեստագետներին մաղթում եմ համբերություն, երբեք չկոտրվելու կամք, աշխատասիրություն, մեծագույն պատասխանատվություն և ճշմարիտ նվաճումներ...


     Մանե Ղարդյան

6252 | 0
Facebook