Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել. Զավեն Բոյաջյան

18:06, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
«Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել. Զավեն Բոյաջյան

«Հայֆիլմ» կինոստուդիան կրկին վերադարձվել է պետությանը: Ինչ ակնկալիքներ կան կինոստուդիան և նախկին մթնոլորտը վերականգնելու հետ կապված: Այս հարեցրի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ, ով այս պահի դրությամբ որևէ ակնկալիք չունի:

«Կինոստուդիան վերականգնելը մեծ աշխատանք է պահանջում, որովհետև ստուդիայից կարելի է ասել միայն պատերն են մնացել: Նույնիսկ այգին է ոչնչացման եզրին կանգնել, որը կինոմատոգրաֆիստների ձեռքերով էր մշակվել: Այգին դեռ մի կողմ, բայց ամբողջ նյութատեխնիկական բազան, որը նախկինում եղել է, ոչնչացված է, ըստ էության պետք է սկսել 0-ից»,- ասաց կինոգետը, ում կարծիքով` կինոմատոգրաֆիայի վիճակը Հայաստանում բարվոք չի:

«Շատ մեծ ֆինանսներ են պետք, որպեսզի նախ կինոստուդիան տեխնիկապես հագեցվի, որովհետև այս ժամանակահատվածում պարապուրդի է մատնված եղել: Իսկ այս ընթացքում կինոն զարգացել է տեխնիկապես, նոր տեխնիկական միջոցներ են հայտնվել և նախկին ձևերով հնարավոր չի ֆիլմ նկարահանել: Եվ, որպեսզի ստուդիան տեխնիկական վերջին խոսքով զինված լինի ու կարողանա պատշաճ մակարդակ ապահովել, դրա համար բավականին մեծ ներդրումներ ու հոգատարություն է պետք, իսկ այդ ամենը երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջում»,- համոզված է Զավեն Բոյաջյանը:

«Ես առանձնապես վարդագույն ակնկալիքներ չունեմ, որովհետև ներկայում կինոմատոգրաֆիական արտադրություն չունենք, շատ թույլ հիմքերի վրա է, և չեմ տեսնում մեծ տաղանդով օժտված դեմքերի: Գուցե դա անհրաժեշտ պայմանների բացակայությունից է, ինչպես նաև` շատ ցածր կրթական մակարդակից: Հայաստանում բարձր կրթություն չեն ստանում, հետևաբար հանպատրաստ են մտնում կինոյի ոլորտ»,- նշեց կինոգետը: Նրա խոսքով` դատելով այն ֆիլմերից, որոնք հիմա էկրան են բարձրանում, մենք ունենք ավելի շատ զանգվածային լայն սպառման, էժանագին կատակերգություններ, որոնք շատ հաճախ կինոմատոգրաֆիկ առումով թերի են:

«Եթե մենք ուզում ենք կինոարտադրություն ունենանք, պետք է բազմազան կինո ունենանք: Առայժմ հատուկենտ ֆիլմեր կան, որոնք կարող են ուշադրություն գրավել, էլ չեմ ասում, որ ներկայում հայկական կինոն շատ թույլ է և բնավ մրցունակ չէ միջազգային կինո ասպարեզում: Կան հատուկենտ մարդիկ, որոնք ստեղծագործում են անհատական ջանքերի շնորհիվ, և միջազգային կինոփառատոններում գուցե մրցանակներ են ստանում, աչքի են ընկնում, բայց դրանք եզակի փաստեր են, որոնք չեն բաղադրվում, ու դա չի վերածվում կինոարտադրության կամ կինոպրոցեսի»:

Զավեն Բոյաջյանի դիտարկմամբ` կան երիտասարդ ուժեր, որոնք հույսեր են ներշնչում, հետաքրքիր հայտեր ունեն ներկայացրած, բայց դրանց իրագործումը կապված է շատ բարդ խնդիրների հետ: Թեև կինոգետը որևէ ակնկալիք չունի կինոստուդիայի վերականգնման հարցում, բայց ունի մեծ ցանկություն, որ մենք ունենանք զարգացած կինոմատոգրաֆ, պատշաճ կինոարտադրություն, կինոոլորտի բոլոր օղակներն այնպես, ինչպես ընդունված է ներկայիս քաղաքակիրթ աշխարհում:

«Ցավոք, այդ ամենը միայն մաղթանքների ժանրից է: Իրականությունն այդ ցանկությունների հետ շատ քիչ համընկման եզրեր ունի: Ինչ վերաբերում է «Հայֆիլմ»-ին, մեծ ցավով պետք է նշեմ այն փաստը, որ մենք կարելի է ասել միայն անվանապես ունենք «Հայֆիլմ»-ը: Իսկ իրականում մենք այն չունենք: Տարիների ընթացքում ինչ-որ բան ավելանալու փոխարեն եղածն էլ ոչնչացել է»,-եզրափակեց Զավեն Բոյաջյանը:

6661 | 0
Facebook