Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Google»-ը փոխում է իր անվանումը` դառնալով «Alphabet» հոլդինգի մի մաս

12:31, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2015 թ.
«Google»-ը փոխում է իր անվանումը` դառնալով «Alphabet» հոլդինգի մի մաս

Ամերիկյան «Google» կորպորացիան կառուցվածքային էական փոփոխություններ է անում: Ինչպես գրում է «RBK»-ն, «Google»-ը դառնալու է նոր ստեղծվող «Alphabet» հոլդինգային ընկերության «դուստր» ընկերություն: Վերջինի հետ միասին` հոլդինգային ընկերության մաս են դառնալու նաև «YouTube»-ը և «Android» օպերացիոն համակարգը:

Ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը, ներկայացնելով անակնկալը, նշել են, որ ընկերությունն այժմ էլ շատ լավ է աշխատում, սակայն հոլդինգի մաս դառնալով` իրենց գործունեությունը միայն ավելի կբարելավվի:

«Alphabet»-ում ամենախոշոր ընկերությունը մնալու է «Google»-ը: Ընդ որում՝ այն ենթարկվելու է որոշակի փոփոխությունների. այնտեղից առանձնացվելու են ինտերնետ-բիզնեսից հեռու նախագծերով զբաղվող ստորաբաժանումները:

Աղբյուրը նշում է, որ Փեյջը թողնելու է կորպորացիայի գործադիր տնօրենի իր պաշտոնը և գլխավորելու է «Alphabet»-ը: Իսկ Սերգեյ Բրինը զբաղեցնելու է «Alphabet»-ի նախագահի պաշտոնը:

Բորսաներում «Google»-ի բաժնետոմսերը փոխարինվելու են «Alphabet»-ի նույնատիպ արժեթղթերով՝ պահպանելով նախկին բոլոր իրավունքները:

Անդրադառնալով անվանման ընտրությանը` կորպորացիայի հիմնադիրները նշել են. «Մեզ դուր եկավ «Alphabet» անվանումը, քանի որ այն նշանակում է տառերի խումբ, որոնք հանդիսանում են մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` լեզվի մի մասը: Դա ընկած է նաև «Google»-ի որոնման ինդեքսավորման հիմքում»: Բացի այդ, վերջինների խոսքով` կորպորացիան կարող է այդ անվանումով շուկայում հեշտությամբ մրցակցել նաև «Apple» ընկերության հետ:

5822 | 0
Facebook